Մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել. Վրթանես Սրբազան
Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին, իսկ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հոգեհանգստի կարգ է մատուցել։
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Արցախահայության վերադարձի ամենակարևոր երաշխիքը և միակ գրավականը Արցախի Հանրապետությունն է, պետականությունն է, որը հանդիսանում է ժողովրդին համախմբելու երաշխավորը։
Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափած արյունն է։ Մենք իրավական ու բարոյական իրավունք չունենք ոչ միայն չսատարելու, այլև մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել։ Այս առումով առաջին և միակ գրավականը արցախահայության վերադարձի, Արցախի Հանրապետությունն է»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այդ վերադարձը, Վրթանես Սրբազանը պատասխանեց. «Ես իրավական առումով չեմ կարող դա ասել։ Ես բարոյական կողմն եմ նկարագրում։ Դա մի շղթա է, որը չպետք է կտրվի։ Մնացած հարցերով թող քաղաքագետները, իրավաբանները զբաղվեն»։

