ԱԳՆ-ը ընդունել է, որ արցախցիներին վիզա չտալու խնդիրն առկա է, և իրենք ունեն պարտավորություն այդ խնդրով զբաղվելու․ Արտակ Բեգլարյան
«Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկում էր «Մեդիա կենտրոնում», որին մասնակցում էին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց, որ խնդիրը ծագել է այս տարվա սկզբին, առաջին դեպքերը արձանագրվեցին մարտ-ապրիլին: «Ես դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի. դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը մասնավորապես Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում, օրինակ, գիտեմ, որ նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, ընթացք չի տվել, հետո հրավիրող կողմը առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, որից հետո տվյալ անձին կանչել են նորից հարցազրույցի եւ տրամադրել են վիզան: Եվ կան դեսպանատներ, որոնք որեւէ ձեւով չեն ընթացքավորում և վիզա չեն տրամադրում: Այդ շարքում են Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Իսպանիայի դեսպանատները»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը:
Արտակ Բեգլարյանի խոսքով, այն պետությունները, որոնք ծագման հիմքով մերժում են արցախցիներին վիզա տրամադրել, ասում են՝ քանի որ քո ծագումը փախստականի ծագում է, մենք քեզ վիզա չենք տրամադրում:
«Սա անընդունելի է այն տեսանկյունից, որ խտրականությունը հիմնավորվում է ծագման հիմքով: Իրենք ելնում են այն կանխավարկածից, որ եթե մարդը 070 կոդով անձնագիր ունի, հետևաբար, գնալու է, ժողովրդի լեզվով ասած, հանձնվելու է, չի պահպանելու այն օրենսդրությունը, որի հիման վրա ստանում է վիզա: Սրանով միանգամից բոլորին մերժում են և բոլորի իրավունքները խախտում են:
Մյուս կողմից ոչ ոք իրավունք չունի դիմում չվերցնելու: Այստեղ խախտվում է վարչարարության իրավունքը, որը ունիվերսալ է: Բոլոր երկրներում պարտավոր են դիմումն ընդունել և ընթացքավորել: Դիմումը չվերցնելով, փակուղու մեջ են գցում մարդուն, որ նա չկարողանա փաստաթղթերով հիմնավորել, որ մերժել են իր դիմումը վերցնել և չկարողանա գնալ դատարան: Պետք է հասնենք նրան, որ դիմումն ընդունեն, մերժեն և պաշտոնապես հիմնավորեն, թե ինչու են մերժում»,-ասաց նա:
Բեգլարյանը նկատեց, որ Շենգենյան գոտու երկրների միջև այս հարցում միասնական մոտեցում չկա: Նա պատմեց, որ առաջին ահազանգն ինքը ստացել է Չեխիայի դեսպանատան մասով, երբ երիտասարդների խումբ է մեկնելիս եղել կրթական կարճաժմկետ ծրագրով: Երիտասարդների խմբին բոլորին տրամադրել են վիզա, բացառությամբ մեկի, որն ունեցել է 070 կոդով անձնագիր. Հիմնավորել են, որ պատճառը 070 կոդով անձնագիրն է:
Արտակ Բեգլարյանի խոսքով, խնդիրը երկար ժամանակ չի լուծվում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակային դիրքորոշում չի հայտնել. «Բավարար չէ իրենց կատարած աշխատանքը: Բայց նաև այն, որ պաշտոնապես լրատվամիջոցին ԱԳՆ-ից ասել են՝ քննարկման ընթացքում է, մենք զբաղվում ենք, դրանով իրենք ընդունում ենք, որ խնդիրն առկա է, և իրենք ունեն պարտավորություն այդ խնդրով զբաղվելու: Քանի դեռ այդ խնդրի լուծումը չի տրվել, ԱԳՆ ջանքերը բավարար և արդյունավետ չեն»,-ասաց նա:

