Հունաստանում տասնյակ տոննա սատկած ձուկ է լցվել լողափ

Հունաստանի իշխանությունները սկսել են հավաքել հարյուր հազարավոր սատկած ձկներ, որոնք այս շաբաթ լցվել են կենտրոնական Վոլոս քաղաքի զբոսաշրջային նավահանգիստ՝ անցյալ տարի ջրհեղեղների ժամանակ իրենց սովորական քաղցրահամ ջրերի բնակավայրերից տեղահանվելուց հետո, հաղորդում է The Guardian-ը:

Լողացող դիակները նավահանգստի վրա արծաթափայլ մշուշ են ստեղծել և գարշահոտություն, որը անհանգստացրել է բնակիչներին և իշխանություններին: Վերջիններս շտապել են հավաքել դրանք, մինչև հոտը կհասնի մոտակա ռեստորաններին և հյուրանոցներին:

Չորեքշաբթի ցանցերով ձուկը հավաքել են, որոնք այնուհետև բարձվել են բեռնատարների վրա: Ըստ իշխանությունների տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում հավաքվել է ավելի քան 40 տոննա:

Վոլոսի քաղաքապետ Ախիլեաս Բեոսն ասել է, որ հոտն անտանելի է: Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա մեղադրել է կառավարությանը խնդրին չանդրադառնալու մեջ, քանի դեռ այն չի հասել իր քաղաք: Նա նշել է, որ փտած ձուկը կարող է շրջակա միջավայրի աղետի պատճառ դառնալ տարածաշրջանի այլ ձկնատեսակների համար:

Փորձագետները նշել են, որ խնդրի պատճառ են դարձել անցյալ տարի տեղի ունեցած պատմական ջրհեղեղները, որոնք հեղեղել են Հյուսիսային Թեսալիան՝ ներառյալ գետերն ու լճերը:

Նրանց խոսքով՝ Վոլոս տանող գետի գետաբերանում ցանց չի տեղադրվել, որի հետևանքով գետի ձուկը հայտնվել է ծովում և սատկել աղի ջրից: