ՄԻՊ-ն ամփոփում է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները
2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին:
ՄԻՊ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:
Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին:
Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանը աջակցել է խորհրդատվության միջոցով։
- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն,
- արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների, ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ,
- համակարգային բնույթ ունեցող հարցերի և Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ և ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ:

