Հայաստանում կկանգնեցվի կաթոլիկ եկեղեցու սրբի արձան. ո՞ւմն է նախաձեռնությունը
Հայաստանում՝ Եղվարդի շրջանում, նախատեսվում է կանգնեցնել կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը, հայտնում է «Արևելք» պարբերականը։

«Սուրբ Շարբելի արձանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տևել է 7 օր: Տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում, և այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը»,– գրում է պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին:
Համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը Հայաստանում տեղադրելը եղել է եղել է լիբանանցի մի խումբ գործարարների միտքը։ Նախաձեռնությունը եղել է «Գարդենիա Լեբնիզ ֆարմսի» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինինը։ Նրանք Հայաստանում սննդամթերք են արտադրում, Եղվարդում և Բագրատաշենում էլ այգիներ են հիմնել։ Հենց Եղվարդի այգիների տարածքում էլ ստեղծվելու է ուխտավայրը։
Կայքը գրում է նաև, որ այս մտահղացումը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին և Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել և օրհնվել է վայրը։
Գործարարը արձանը պատվիրել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից և այլ նյութերից: Նախատեսվում է, որ նույն արհեստանոցում մի արձան էլ Վրաստանում դրվելու համար է պատրաստվելու:
Նշվում է, որ ՀՀ–ում Սուրբ Շարբելի արձանի բացման արարողությանը հրավիրված են բազմաթիվ հոգևորականներ և բարձրաստիճան հյուրեր ինչպես Լիբանանից, այնպես էլ այլ երկրներից, արարողությունը հեռարձակվելու է լիբանանյան հեռուստաընկերություններով:
Լիբանանում Սուրբ Շարբելի պաշտամունքը ավանդույթի է վերածվել. ամեն ամսվա 22-ին լիբանանյան Սուրբ Մարոնի Աննայա վանքը վերածվում է ուխտավայրի. հազարավոր մարդիկ այցելելով վանք՝ աղոթում են, խմում վանքի ջրից, լվացվում դրանով և հոսող յուղով։
Սուրբ Շարբել Մախլուֆը ծնվել է 1828 թվականի մայիս 8-ին՝ Լեռնալիբանանի գյուղերից մեկում՝ Բըքահ Քաֆրայում, 1859 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1875 թվականին մտել է ճգնարան, ուր 23 տարի անցկացրել է լռության և աղոթքների մեջ` դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը: Մահացել է 1898 թվականին` Ծննդյան տոնի երեկոյան:
Հայր Շարբելին հուղարկավորել են վանքի հանրային գերեզմանատանը: Ըստ առասպելի, հարևանությամբ ապրող մարդիկ 45 գիշեր նրա շիրիմի վրա շողացող լույս են տեսել: Գերբնական երևույթների կրկնվելու պատճառով պատրիարք Էլիաս Էլ Հայեքը թույլատրել է բացել գերեզմանը, որի մեջ հայտնաբերել են Շարբելի չքայքայված մարմինը և կոնքից հոսող ջրախառն արյուն: 1926 թվականին մարմինը տեղափոխել են նոր գերեզման: 1950 թվականին ապրիլի 22-ին մարմինը զննել են բժշկական և եկեղեցական 2 հանձնաժողով, նկատել են, որ այն մնացել է նույն վիճակում, բայց արնահոսել է:
1965 թվականին Հռոմի Պապ Պողոս VI-ը նրան դասել է երանելիների շարքը, իսկ 1977 թվականի հոկտեմբերի 9-ին՝ հռչակել Սուրբ:
Սուրբ Շարբելի ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում և կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում: Շուտով Սիդնեյում բացվելու է Լիբանանից հետո աշխարհում ամենամեծ սուրբշարբելյան ուխտավայրը:

