Իրանի նոր արտգործնախարարը նշել է լարվածության կարգավորման պայմանները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում

Իրանի նոր արտգործնախարար Աբաս Արաքչին հրապարակել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։

Ճապոնական Kyodo News-ին տված իր առաջին հարցազրույցում Արաքչին հայտնել է, որ իր նախարարությունը ամրապնդելու է կապերը Թեհրանի և Տոկիոյի միջև բոլոր ուղղություններում և համագործակցելու է Տոկիոյի հետ տարածաշրջանային ճգնաժամի համատեղ լուծման համար։

Արաքչիի կարծիքով՝ Իրանը և Ճապոնիան փոխշահավետ և կայունացնող գործընկերության հսկայական պոտենցիալ ունեն Ասիայում։

Արաքչին ասել է, որ նոր կառավարությունը կարևոր է համարում հարաբերությունների զարգացումն Արևելյան Ասիայի հետ և ընդգծել է «Ճապոնիայի կարևոր դերը» այդ համատեքստում։ Արտգործնախարարը ասել է, որ գլոբալ անորոշության և վերափոխումների պայմաններում խիստ կարևոր է նոր ուղիներ բացել տնտեսական և առևտրային համագործակցության համար Իրանի և Ճապոնիայի միջև։

Ինչ վերաբերում է Ճապոնիայի 2019թ. նախաձեռնությանը Թեհրանի և Վաշինգտոնի թշնամանքի հաղթահարման վերաբերյալ, Արաքչին ասել է, որ Իրանը և Ճապոնիան ամրապնդել են հարաբերությունները, որոնք բնորոշվում են բարեկամությամբ, փոխադարձ ըմբռնմամբ, հարգանքով և վստահությամբ։

Իրանի արտգործնախարարը բացատրել է, որ որպես կարևոր քայլ Իրանի հանդեպ պատժամիջոցների հանման ճանապարհին կարևորվում է հարաբերությունների կարգավորումը Վաշինգտոնի և կապերի վերականգնումը եվրոպական երկրների հետ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն «իրենց թշնամական մոտեցումից»՝ ձգտելով վերականգնել 2015թ. միջուկային գործարքը և չեղարկել պատժամիջոցները։