«Բռնակցում» բառը կհանվի Հայոց պատմության դասագրքից. ԿԳՄՍՆ

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի, «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,–ասվում է նախարարության պատասխանում։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել՝ հույս հայտնելով, թե ՀՀ իշխանությունները թույլ չեն տա 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828 թթ․ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։