Կործանված ինքնաթիռը Յակ-52 է, վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ):

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում իրականացվում են քննչական գործողություններ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, կործանվել է ՅԱԿ 52 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Ինքնաթիռը բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին և շրջվել:

ՊՆ-ից էլ հայտնել են, որ Կոտայքի մարզում կործանված  ՅԱԿ-52 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: