Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են

Կարծում եմ՝ նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ում մեղքով կամ հրաժարման հետևանքով է այսօր Լոնդոնում ձախողվել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Իրականությունն այն է, որ նրանցից և որևէ մեկը մոտիվացված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, առնվազն դա առաջնահերթություն չէ ոչ Փաշինյանի և ոչ էլ՝ Ալիևի համար:

Ալիևը հասկանում է, որ Փաշինյանից աստիճանաբար ստանում է իր բոլոր պահանջների բավարարումը ու ուղղակի բանակցությունների ինստիտուտը հենց դրան էլ ծառայեցնում է՝ չցանկանալով իրեն կաշկանդել ինչ-որ փաստաթղթով:

Փաշինյանի գերխնդիրը ոչ թե խաղաղության պայմանագիրն է, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելը: Այս իմաստով բանակցային փակուղին նրա համար ավելի նախընտրելի է, քան հերթական ստորացուցիչ փաստաթուղթը Երևան բերելը, մանավանդ, որ դա կարող է ներքաղաքական «գլխացավանքի» պատճառ դառնալ: Իհարկե, Փաշինյանի վարքագիծը նման է անպատասխանատու արկածախնդրության, որովհետև դուռ կարող է բացել նոր պատերազմի համար, որտեղ Հայաստանն ամբողջովին անպաշտպան ու առանց դաշնակիցների է մնալու Ադրբեջանի դիմաց(դա է լինելու երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հետևանքը):

Իսկ Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց