Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր բաժանմունք է բացվել
«Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այսուհետ քաղցկեղ ունեցող պացիենտները, որոնք նաև սրտային պաթոլոգիաներ ունեն, կարող են լիարժեք բուժում ստանալ հենց տեղում` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Ժամանակակից էնդոսկոպերով և այլ բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքում տրամադրվում են էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայություններ, իրականացվում բարդագույն վիրահատություններ:
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարարին ու հրավիրված պատգամավորներին ներկայացրել է նորաբաց բաժանմունքի հնարավորությունները:
Բաժանմունքում տրամադրվում է 4 ծառայություն.
- Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն
- Ինտերվենցիոն թոքաբանության ծառայություն
- Ինտերվենցիոն վիրաբուժություն
- Սրտաբանական և կարդիո-օնկոլոգիական ծառայություն։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտական փուլում է նաև ճառագայթային բաժանմունքի շինարարական ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման աշխատանքները: