Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Գործադիրը հաստատեց ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին որոշումը։
Զեկուցող ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ ամբողջությամբ կփոխհատուցվի 16 բնակարանի և երկու առանձնատան ձեռքբերման գումարը։ 263 վնասված, փլուզված առանձնատներից 98-ի համար 1 ք/մ տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազար դրամ։ Երկրորդ գոտում գնտնվող մյուս բնակարաններին՝ 40 հազարական դրամ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնքի 39 բնակավայր։ Առաջին գոտում ընդգրկված է Այրում բնակավայրը և Ալավերդի համայնքն իր բոլոր բնակավայրերով, քաղաքացիները կստանան 60 հազար դրամ 1 ք/մ վերանորոգելու համար։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1մլն 200 հազար դրամ, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ և պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը պետք է անկանխիկ եղանակով ծախսվեն։
4 զոհվածի ընտանիքներին լրացուցիչ 1 մլն դրամ կտրվի։
Վահե Ղազարյանը հայտնեց, որ աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով։

