«Տանգոն երկուսով են պարում». ՌԴ սենատորը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։ Նա ընդգծել է, որ «տանգոն երկուսով են պարում», ուստի վերջնական արդյունքը կախված է Երևանից։ Նրա խոսքերը փոխանցում է NEWS.ru-ն։
«Ռուսաստանը միանշանակ պատրաստ է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, մենք մինչև վերջ հավատարիմ կմնանք այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, նրանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում Ռուսաստանի դեմ հակամարտության ռիսկերը»,- նշել է Կոսաչովը։
Սենատորը հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու քայլ է։ Նա ասել է, որ հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար Ռուսաստանը Հայաստանին նման ճակատագիր չի ցանկանում։

