Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
Այսօր բանակցություններ գոյություն չունեն։ Տեսնում ենք Ադրբեջանի կողմից միայն ուժի պարտադրանք ու թելադրանք։ Այս սահմանազատման գործընթացը տեղի է ունեցել խախտումներով։ Մեր խնդիրն է, գոյություն չունեցող բանակցությունների փոխարեն իրական բանակցությունների մեջ մտնենք, իրական ու բազմակողմանի օրակարգով։ Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանելով «Agence France Presse» լրատվական գործակալության հարցին ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ասել է. «Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրադրումը կկատարի և նաև բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ և վստահելի մակարդակի վրա։ Չեն լինի պարտադրումներ, սպառնալիքներ, միակողմանի զիջման թելադրանքներ, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եվ այդ պատճառով էլ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը, վերացնել ընդհանրապես և ընթանալ այն նույն ճանապարհով, ինչ-որ հիմա գոյություն ունի․ առանց բանակցությունների։ Նորից եմ կրկնում․ սա շատ կարևոր հանգամանք է, որ պատրանքը, իմիտացիան, տրված է, թե բանակցություններ կան, բայց խորքում բանակցություններ գոյություն չունեն։ Եվ նաև աշխարհը մշակել է այդ սիստեմը, աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որ այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է», – շեշտել է Բագրատ Սրբազանը։

