Բագրատ Սրբազանի այցին ընդառաջ՝ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը
Բագրատ Սրբազանի այցին ընդառաջ՝ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը, որտեղ պետք է ելույթ ունենար «ՏաԼույս» մանկական երգչախումբը, հայտնում է LIVEnews.am-ի թղթակիցը։
Համերգային ծրագիրը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամից այս մասին դեռևս արձագանք չի եղել։
Ինչպես լրագրողներին պատմել է «ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարիա Գալստյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգահարել է իրեն և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։
«Հարցիս, թե որն է պատճառը, փոխնախարար Դանիել Դանիելյանը պատասխան չտվեց։ Մենք պրոդյուսերի` Թովմաս Առաքելյանի միջնորդությամբ բացատրեցինք, որ պետք է 14։00-ին համերգ տանք, բացատրեցինք, որ տեխնիկական հարցեր կան, որ երեխաները դեռ պատրաստ չեն։ Եվ հետո հրապարակը դատարկ էր, ունկնդիր չկար, ո՞ւմ համար այդքան շուտ համերգ տայինք»,- նշել է խմբավարը։
Պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը երբ հասել է «դեպքի վայր» դեմագոգիան շարունակվել է, երբ ներկայացել փոխնախարարին, վերջինս ասել է, թե «էդ դերիադ հանի, նոր պրոդյուսեր ներկայացի»։

