Խարդախությամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել. բուհերի 3 ղեկավարի և 2 աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է

Խարդախությամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել. ուսհաստատությունների 3 ղեկավարների և 2 աշխատակիցների վերաբերյալ մեղադրանքով վարույթի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մեկ այլ ուսհաստատության նախկին երկու ղեկավարների հետ խմբի կազմում, այլ անձանց օժանդակությամբ, 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18.159.000 ՀՀ դրամ գումար ստանալու և հափշտակելու, ինչպես նաև՝ նրանցից մեկի կողմից կեղծ փաստաթղթեր իրացնելու վերաբերյալ դեպքի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Ար.Հ.-ն, «Հայբուսակ» համալսարանի՝ իրար հաջորդած նախկին երկու տնօրենների հետ խմբի կազմում, 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիս ընկած ժամանակահատվածում, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենքում իր ղեկավարմամբ գործած ուսումնական հաստատությունը ներկայացրել է որպես «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպել ու իրականացրել է ուսանողների ընդունելության, դասընթացների կազմակերպման, քննությունների անցկացման, ավարտական դիպլոմների տրամադրման, ինչպես նաև՝ դրանց դիմաց գումարներ հավաքագրելու գործողություններ։ Չունենալով միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու անհրաժեշտ լիցենզիա՝ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ արդեն իսկ դիմած և սովորող, ինչպես նաև՝ 2013թ. դեկտեմբերի 19-ից հետո ընդունված նոր դիմորդներին համապատասխան լիցենզիա չունենալու մասին լռելով, նա մասնաճյուղը ներկայացրել է որպես օրինական գործող ուսհաստատություն, իսկ դիպլոմները՝ վավեր ու իրավական ուժ ունեցող պաշտոնեական փաստաթղթեր: