Վրաստանի ԱԺ-ն չեղարկել է «Օտարերկրյա գործակալների» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 7 դեմ ձայնով չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։
Այս օրը, ինչպես և նախկինում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին հազարավոր ցուցարարներ՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման:
Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը պետք է ստորագրի այն, իսկ եթե հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։
Նշենք՝ Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեն նախօրեին չէր պաշտպանել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը, որը մայիսի 18-ին վետո դրեց մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա:

