«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի

«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով:

Ընկերությունը հեռահաղորդակցության շուկա է մուտք գործել 2009թ․ GNC-ALFA ապրանքանիշով՝ կառուցելով ավելի քան 3000 կմ մագիստրալային ցանց և դառնալով ինտերնետի մեծածախ շուկայի հիմնական խաղացող՝ էապես նվազեցնելով մեծածախ ինտերնետի շուկայական գինը Հայաստանում։ 2012թ-ից ընկերությունը շարունակել է իր գործունեությունը Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո՝ ներդնելով «Օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան Երևանում և ՀՀ մարզերում, այսպիսով ապահովելով թվային հավասարություն և նպաստելով ինտերնետի և թվային հեռուստատեսության ծառայությունների շուկայում առողջ մրցակցության ձևավորմանը։ Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ։

Նոր բրենդով ընկերությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ հաճախորդի և գործընկերների համար պարզ և հարմարավետ փորձառություն ապահովելու համար։ OVIO-ի մուտքը շրջադարձային կետ է հանդիսանում ընկերության զարգացման մեջ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: Նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ և սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

«Այսօր մենք մեկնարկում ենք կազմակերպության համար չափազանց նշանակալի իրադարձություն։ Սա ոչ թե պարզապես վերաբրենդավորում է, այլ ընկերության պատմության նոր էջի բացում, որի հիմքում  նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ և բաց գործելաոճի,  հոգատարության և նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Մեզ արդեն իսկ վստահել է մոտ 70 000 բաժանորդ, և դա պարտավորեցնում է անընդհատ ինքնակատարելագործվել։ Այսպիսով, վերաբրենդավորմամբ ազդարարում ենք ընկերության վերափոխման սկիզբը։