Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է հեռանալ ՀԱՊԿ-ից:

«Մենք բազմիցս, այդ թվում նաև ճեպազրույցների ընթացքում, ծավալուն մեկնաբանություն ենք տվել ՀԱՊԿ գործունեությանը Երևանի մասնակցության մոդալության վերաբերյալ։ Ձեր հարցը՝ կարո՞ղ է, թե չի կարող հեռանալ, այնուամենայնիվ, պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին»,-ասել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան նախկինի պես կասկածի տակ չի դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը կազմակերպությունում հետագա աշխատանքի համատեքստում:

«Հիշեցնեմ, որ կանոնադրության 19-րդ հոդվածն ամրագրում է միավորումից դուրս գալու հնարավորությունը, այդ դեպքում պետությունը ՀԱՊԿ շրջանակներում իր պարտավորությունների կարգավորումից հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի ոչ ուշ, քան դուրս գալու օրվանից վեց ամիս առաջ: Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին, որեւէ նոր քայլ չի ձեռնարկվել նրա գործընկերների անդամակցության հետ կապված։ Եվ, որպես հետեւանք, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը շարունակում է մնալ միավորման լիիրավ մասնակից եւ պետք է կրի համապատասխան պարտավորություններ, ներառյալ 1992 թվականի Հավաքական անվտանգության մասին Պայմանագրով, 2002 թվականի կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաեւ այլ փաստաթղթերով նախատեսված պարտավորությունները», – հայտարարել Է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ «ցանկացած դասավորության դեպքում ՀԱՊԿ-ը կա և կմնա արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում անվտանգության պահպանման, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության համար»: