Այս իշխանությունը կորցրել է Հայաստանի ճակատագրի հարցերով զբաղվելու իրավունքը․ Հայկ Մարության
Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում, նրանք չունեն բավարար կոմպետենտություն, գիտելիքներ և կարողություններ՝ Հայաստանն առաջնորդելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ և գործող իշխանության համաձայնությամբ փորձ է արվում փոխել ոչ միայն Երրորդ Հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլև արմատապես ձևախեղել քաղաքական և մշակութային ատրիբուտները։ Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն հայտնվել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմում։ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներն օգտվում են այս իրավիճակից։ Պետք է դուրս գալ պոպուլիզմի շրջանակից։ Այս իշխանությունը կորցրել է Հայաստանի ճակատագրի հարցերով զբաղվելու իրավունքը։ Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան: Մենք եկել ենք ասելու, որ այս երկրում այլընտրանք չպետք է լինի թալանչիների և դավաճանների միջև: Ոչ, մենք համոզված ենք, որ իշխանությունը կարող է մաքուր լինել կոռուպցիայից, միաժամանակ լինել գրագետ ու բանիմաց: Մենք հավատում ենք, որ քաղաքականությամբ կարող են և պետք է զբաղվեն բարոյական, ազնիվ, պարկեշտ մարդիկ»,-ասաց Մարությանը:
Հայկ Մարությանը հավելեց, որ իրենք որպես նոր ուժ գալիս են ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ վերականգնելու համար. «Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է: Լավ եղեք և Աստված մեզ բոլորիս, մեր ժողովրդին ու պետությանը պահապան»,- իր խոսքն ամփոփեց Հայկ Մարությանը:

