Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանում խոսքի ազատության դեմ հարձակումների և ձերբակալությունների վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը միջամտություն է երկրի ներքին գործերին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների մասին»,- նշված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Փարիզը բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրելու մարդու իրավունքների խախտման մեջ, քանի որ Ֆրանսիայում «տարածված են կաշառակերությունն ու կոռուպցիան օրենսդիր կառույցներում, իսլամաֆոբիան և մահմեդականների վրա հարձակումները»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Փարիզը Բքավին կոչ էր արել հարգել մամուլի և արտահայտվելու ազատությունը՝ հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան։