Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Իրանի խորհրդարանի (մեջլիսի) 12-րդ գումարման ընտրություններում մրցող թեկնածուները սկսել են իրենց քարոզարշավը, որը կշարունակվի մինչև փետրվարի վերջ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Փետրվարի 22-ի վաղ առավոտից թեկնածուներին թույլատրվել է մեկնարկել գովազդային և քարոզչական գործընթացները։ Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 15 200 թեկնածու, որոնք 3 ամսվա ընթացքում որակավորում են անցել դիտորդ խորհուրդների կողմից, այնուհետև ստուգվել Պահապան խորհրդի կողմից։

Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է լինեին նվազագույնը 30 տարեկան, առավելագույնը՝ 75, պետք է ունենային մագիստրոսի կամ դրան համարժեք աստիճան, Իրանի քաղաքացիություն և չպետք է լինեին երկքաղաքացի: