Մեր տարածաշրջանում մեծ պատերազմի ուրվականը գնալով թանձրանում է. 2

Սկիզբը՝ այստեղ 

Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցները պարզաբանել են, որ այցն անհրաժեշտ է երկու պետությունների բանակների միջև փոխգործակցության և համակարգման ամրապնդման համար: Բացի այդ, ՑԱՀԱԼ-ի հրամանատարությունը հնարավորություն է ստացել քննարկել հետագա քայլերը՝ հատկապես հաշվի առնելով Իրանի շուրջ սրացումը։

Եթե հավատանք հրապարակված տեղեկություններին, Իսրայելի պաշտպանական գերատեսչության ներսում միասնական կարծիք չկա Իրանին նոր հարվածների նպատակահարմարության վերաբերյալ։ АМАН ռազմական հետախուզությունը պնդում է, որ ռազմական գործողությունները վերսկսվեն։ Ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ կարծում են, որ հարձակումը մոտ ժամանակներս անհրաժեշտ չէ։ Նման տեղեկություններ է ներկայացրել «The Jerusalem Post»-ը՝ վկայակոչելով N12 հեռուստաալիքը։

Քննարկման ընթացքի վրա ազդում է նաև Վաշինգտոնի դիրքորոշումը։  Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ ամերիկյան վարչակազմը շատ ուշադիր ուսումնասիրում է հետախուզական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ Իրանի վրա նոր հարձակումների մասին որոշումների համար:

«Մոսադ»-ի տնօրեն Ռոման Հոֆմանը նախորդ շաբաթ եղել է ԱՄՆ-ում: Նա բանակցություններ է վարել ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Ռեթքլիֆի հետ, որից հետո հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը Կենտրոնական հետախուզական վարչության հետ կիսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու Իրանի մտադրության մասին տեղեկատվությամբ: Փոքր-ինչ տրամաբանելու կարողություն ունեցող յուրաքանչյուրին, կարծում ենք, ինքնին պարզ է, որ «Մոսադ»-ն ԱՄՆ-ին այս կեղծ տեղեկատվությունը փոխանցելով, նպատակ ունի Թրամփին հերթական անգամ դրդել առաջինը հրթիռառմբային զանգվածային հարված հասցնել Իրանին, սկսել Իրանին ջախջախելու նպատակ ունեցող մեծ պատերազմը և այդպիսով իրականացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մեծ ցանկությունը:

Ինպես արդեն նշեցինք, Իսրայելի նպատակն Իրանի դեմ մեծ պատերազմն է, իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տեղային բնույթ ունեցող կետային հարվածների փոխանակումը շարունակվում է: Ամերիկյան կործանիչները երեկ «ինքնապաշտպանության նպատակով» նոր հարվածներ են հասցրել Քեշմ կղզու իրանական հրթիռային պոլիգոնին՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինամթերք:

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Քեշմ կղզում քաղաքի ծայրամասում գտնվող թաղամասը «թշնամական հարձակման» է ենթարկվել: Հորմոզգան նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ահմադ Նաֆիսին հայտարարել է, որ հարվածը վնաս չի հասցրել կենսական կարևոր ենթակառուցվածքներին, առևտրային կամ բնակելի տարածքներին:

Քուվեյթի զինվորականները հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության միջոցները չորեքշաբթի վաղ առավոտյան արձագանքել են «թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»: Իրանն, իր հերթին, հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող «Ալի ալ Սալեմ» ավիաբազայի վրա ԱԹՍ-ներով կատարած հարձակման մասին: Այս մասին հայտնել է Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը։

Ըստ Իրանական բանակի հայտարարության, հարվածների թիրախ են դարձել ամերիկյան դրոններն ու հրթիռների արձակման կայանքները, որոնք տեղակայված են նշված ավիաբազայում։ Մամուլի այս հաղորդագրությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Քուվեյթի զինվորականները հայտարարեցին, թե իրենց ՀՕՊ-ը հետ է մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

Հարևան Բահրեյնում հնչել են տագնապի ազդանշաններ, զինվորականները հայտարարել են, որ չորեքշաբթի վաղ առավոտյան իրանական մի շարք օդային հարձակումների դեմն առել են: Անցած շաբաթ Բահրեյնը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Իրանի կողմից։

Ինչպես գրել է «CNN Politics»-ը, հակամարտության դադարեցման շուրջ դիվանագիտական համաձայնության մոտալուտ ձեռքբերման նշաններ չկան, իսկ Թրամփը նախազգուշացրել է, որ կարող է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, եթե Թեհրանը հրաժարվի ընդունել ԱՄՆ-ի վարչակազմի պահանջները:

Հաշվի առնելով, որ դեմոկրատները հունվարից վերահսկելու են Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, Իրանում հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելու Թրամփի շանսերը կարծես նվազում են: Եթե Թրամփը մտադրություն ունի Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի հրաման տալու, ապա այդ հրամանը, ամենայն հավանականությամբ, կտա մինչև հունվար: CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի զինվորականների համար անընդունելի է ստատուս քվոն անվերջ պահպանելը, սակայն միայն Թրամփն իրավունք ունի որոշելու, թե երբ կավարտվի պատերազմը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան