Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի «Վերելք» գիրքը
«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացմանը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրեց երեկ կալանավորված «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը։
«Գրքում նա խոսում է Հայաստանի՝ դեռ սովետական ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին: Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը ԽՍՀՄ-ում, կարծում եմ՝ նաև ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել։ Հայաստանի համար այդ բոլոր շատ կարևոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով և մարտահրավերների հաղթահարումներով այսօր Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն է և տնօրենը: Ես կուզենամ մենք ծափողջյուններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին:
Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին, անպայման ձեռք բերել և կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որն ինձ շատ ոգևորվել է ու շատ գաղափարներ է տվել»,- ասաց նա:
Նշենք, որ նախօրեին «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է: Նույն գործով ձերբակալված են էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ, երկու ամսով կալանավորվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը երկար տարիներ աշխատել է «Սիներջիում»` որպես ծրագրերի ղեկավար: Այս գործով անցնում է նաև էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու մասով տնային կալանք։
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

