Ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանի մոտ գտնվող մայրուղին

Բողոքող ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրուղին՝ արգելափակելով իսպանական բեռնատարների տեղաշարժը։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բողոքի ցույցերը շարունակող ցուցարարները որոշել են արգելափակել Իսպանիայից եկող բեռնատարները: Մեքենաները կարող էին անվտանգ անցնել, սակայն Իսպանիայից Ֆրանսիա երթևեկությունը խաթարվել է», – ասված է հաղորդագրության մեջ:

Տասնյակ ֆերմերներ Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող A9 ավտոմայրուղու վճարային կետերից մեկում շրջափակում են կազմակերպել, ինչը հանգեցրել է մայրուղու մի քանի կիլոմետրանոց խցանման։

Ակցիայի կազմակերպումը տեղի է ունեցել գաղտնի, ուստի ճանապարհի փակումն անակնկալ է եղել։