Ադրբեջանը խզում է ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները

Ադրբեջանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարություն է տարածել` նշելով, որ առժամանակ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դեմ է իր պատվիրակության լիազորությունների սահմանափակման գործընթացին և դա համարում «լուրջ հարված Եվրոպայի խորհրդի հեղինակությանն ու անաչառությանը»։

«ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում առժամանակ դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։

Որպես այս  նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու անհնարինությունը, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։