Փաշինյանը դրամական պարգև է խոստանում հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» գտնողին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրամական պարգև է խոստանում նրան, ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ։ Նա այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։
ՀՀ վարչապետի խոսքով` Ադրբեջանից ասում են, թե մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ–ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։
«2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված։ Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ–ն ՀՀ–ի որևէ տարածքում կոմունիկացիայի որևէ անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում, որ երեք տարի է` Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում` հղում անելով եռակողմ հայտարարությանը։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»,– ասել է Փաշինյանը։

