Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմ. Երեք ամիսների ամփոփում. Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է անցած եռամսյակում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում տեղի ունեցած գխավոր իրադարձությունները:

Անցած եռամսյակում տեղի ունեցած գխավոր իրադարձությունները

  • Արդեն լրացել է Գազայի հատվածի տարածքում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների իրականացման երրորդ ամիսը։ 2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինցի գրոհայինները ճեղքելով Գազայի հատվածի և Իսրայելի միջև պատնեշը, հարձակվեցին Իսրայելի վրա: Իսրայելը պատասխանեց ավիահարվածներով, այնուհետև հոկտեմբերի 9-ից սկսեց շրջափակեց Գազայի հատվածը։
  • Հոկտեմբերի 13-ին Իսրայելի կողմից եղան հայտարարություններ՝ ուղղված պաղեստինցիներին, հեռանալ Գազայի հյուսիսից, այդ թվում և Գազա քաղաքից:
  • Իսրայելը ցամաքային ներխուժումը Գազայի հատված սկսվեց հոկտեմբերի 27-ից, իսկ նոյեմբերի 2-ից սկսվեց Գազա քաղաքի պաշարումը։
  • Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 24-30-ը հրադադարի մասին քառօրյա համաձայնագիր կնքեցին, ինչն ավելի ուշ երկարաձգվեց մինչև յոթ օր։ Հակամարտության կողմերի միջև միջնորդները՝ ի դեմս Եգիպտոսի և Կատարի, ջանքեր գործադրեցին հումանիտար ճգնաժամը լուծելու և պատանդների հարցով բանակցային գործընթացին վերադառնալու համար:
  • Չնայած Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարություններին անկլավի հյուսիսային հատվածի նկատմամբ գրեթե լիակատար վերահսկողության մասին, դեռևս մարտեր են ընթանում որոշ քաղաքներում: Բացի այդ, ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումներն անցել են Գազայի հարավում ակտիվ գրոհի։ Իսկ պաղեստինյան շարժման ռազմական թևը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։
  • Իսրայելի ռազմաօդային ուժերն ընդլայնում են Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ գործողությունը։
  • Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման և իսրայելցի զինվորականների արձագանքման մանրամասները՝
  1. Իսրայելի անվտանգության ուժերը բավականաչափ համալրված չեն եղել
  2. Իսրայելցի զինվորականներն իրենց դիրքերից դուրս էին և այնքան վատ էին կազմակերպված, որ զինվորները միմյանց հետ շփվում էին WhatsApp հավելվածի խմբերում և ապավինում սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ նպատակային տեղեկատվություն ստանալու համար
  3. հատուկջոկատայիններին մարտի են նետել նվազագույն զինամթերքով
  4. AH-64A Peten հարվածային ուղղաթիռների անձնակազմերին հանձնարարվել է դիտել Telegram-ի նորությունների հոսքերը՝ թիրախներն ինքնուրույն ընտրելու համար
  5. Իսրայելի պաշտպանության բանակը զինյալների լայնածավալ ներխուժմանը արձագանքելու հստակ ծրագիր չուներ
  6. եթե նման դեպքում եղել է արձագանքման ինչ-որ ծրագիր, ապա տեղում զինվորականներն ու հրամանատարությունը դրա մասին տեղյակ չեն եղել և չեն վերապատրաստվել այդ սցենարով։

Զոհեր, կորուստներ, տեղահանվածներ

  • Գազայի հատվածում ռազմական գործողությունները պատճառ են դարձել ավելի քան 23.084 զոհի, 58.926 վիրավորների, 8000-ից ավել անհետ կորածների։ Նշված թվերի մեջ ներված են նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերն ու վիրավորները։ Գազայի հատվածի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ նշված թվերի 70%-ը կանայք են ու երեխաներ, ինչպես նաև ծերեր։ Իսրայելի ներսում հակամարտության սկզբի օրերին զինյալներն ունեցել են ավելի քան 1000 զոհ, իսկ 200 զինյալ գերի է վերցվել։
  • Իսրայելական կողմից գրանցվել է 1388 զոհ, ավելի քան 93 վիրավոր, ինչպես նաև 253 գերեվարված կամ առևանգված անձ։
  • Օրինակ՝ 2014թ.-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կարճատև պատերազմից հետո զոհերի թվային վիճակագրությունն ունեցել է հետևյալ պատկերը՝ Գազայի հատվածում պաղեստինը տվել է 2310 զոհ, մինչդեռ ՄԱԿ-ը հետագայում հայտարարել է 2251 ցուցանիշը, իսկ Իսրայելը՝ 2125 զոհ:
  • Վերը նշված 23.084 զոհերը կազմում են Գազայի ընդհանուր բնակչության, մոտավոր հաշվարկներով՝ ամեն հարյուրերորդ մարդը։ Ստացվում է որ օրական զոհվել է մոտ 230 մարդ, այդ թվում և խաղաղ բնակչություն։ Իսկ Գազայի հատվածի առողջապահության նախարարության և Իսրայելի համապատասխան կառույցի հրապարակած թվերի հարաբերակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ միջին հաշվով ամեն օր զոհվել է ավելի քան 160 խաղաղ բնակիչ: Ինչը բարձր ցուցանիշ է պատերազմի արագության և կորուստների տեմպի պարագայում: Օրինակ BBC-ի տվյալներով, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, երբ որ Ռաքքայում պայքարում էր Իսլամական պետության դեմ, չորսամսյա հարձակման ընթացքում խաղաղ բնակչության զոհերի թիվը հասնում էր 20-ի։ Մինչդեռ Մոսուլի համար իննամսյա ճակատամարտը ԱՄՆ-ի կողմից աջակցվող իրաքյան ուժերի և ԻՊ-ի միջև օրական 40-ից պակաս խաղաղ բնակչի կյանք է արժեցել:
  • Հումանիտար ճգնաժամի մասշտաբայնության պատճառով ստեղծված իրավիճակում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գծով ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության տվյալների համաձայն Գազայի հատվածից տեղահանվել է 1.9 միլիոն մարդ, այսինքն՝ Գազայի հատվածի բնակչության 85%-ը։ Նշվում է, որ շատերը ստիպված են եղել մի քանի անգամ տեղափոխվել, քանի որ ՑԱԽԱԼ-ի գործողությունների կիզակետը անընդհատ փոխվել է: Մոտ 1,4 միլիոն մարդ պատսպարվում է ՄԱԿ մերձավոր Արևելքի գործակալության հաստատություններում, իսկ մնացածները՝ մոտ 1 միլիոն մարդ, Գազայի բնակչության կեսը, այժմ բնակվում է հարավային սահմանային Ռաֆահ բնակավայրում և դրա շրջակայքում: Պատերազմից առաջ այստեղ ապրում էր մոտ 280,000 մարդ։
  • Հակամարտության սկզբի օրերին Իսրայելի տարածքում բնակչության անվտանգության նկատառումներով տեղահանվել է մոտ 500 հազար մարդ։ Վերջին տարիների փախստականների ամենամեծ ճգնաժամը տեղի է ունեցել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ. նախապատերազմյան 22 միլիոն բնակչությունից 14 միլիոնը ստիպված են եղել լքել իրենց տները 12 տարվա ընթացքում, իսկ 6,8 միլիոնը մնում են ներքին տեղահանված անձինք։
  • Բաց աղբյուրներում հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, Գազայի հատվածում տեղի ունեցող հակամարտության համար կենտրոնացրած ուժերի հարաբերակցությունն ունի այսպիսի թվային պատկեր՝ ՀԱՄԱՍ 25.000-ից մինչև 41.000 մարդուժ, Իսրայել՝ 529.500, որից 169.500-ը գործող անձնակազմն է, իսկ 360.000-ը՝ ռեզերվային հատվածն է։
  • ՑԱԽԱԼ-ի բժշկական կորպուսի վիճակագրությունը պատերազմի սկզբից՝

957 ծանր սթրեսային խանգարում ստացած անձ, 3090 դիմում հոգեբանական օգնության թեժ գծին, 1493 զինծառայողներ, որոնց արագ արձագանքման խմբի կողմից տեղանքում ցուցաբերվել է հրատապ հոգեբանական օգնություն, թիկունքում վերականգնողական փուլում գտնվող 8957 տուժած:

Գազայի հատվածի ավերածությունները թվերով, հումանիտար ճգնաժամ

  • Գազայի հատվածում ԶԼՄ-ների կառավարական գործակալության, ինչպես նաև ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալներով ավերվել է մոտ 65 հազար բնակելի միավոր կամ դարձել է բնակության համար ոչ պիտանի: Եվս 290 000 միավոր շենք շինություն վնասվել է։ Սա նշանակում է, որ մոտ կես միլիոն մարդ վերադառնալու տեղ չունի։
  • Ըստ «Associated Press»-ի Գազայի հյուսիսում գտնվող բոլոր շինությունների մոտ երկու երրորդը ավերված է, իսկ Հան Յունիսի հարավային շրջանում՝ մոտ մեկ քառորդը: Ամբողջ տարածքում ավերվել է շենքերի մոտ 33%-ը։ Հակամարտությունների մշտադիտարկման «Airwars» ընկերության տվյալների համաձայն Իրաքում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 2014-ից 2017 թվականներին 15.000 հարված է հասցրել, իսկ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում երեք ամվա ըթացքում իրականացրել են 22.000 գործողություն:
  • Գազայի հատվածում դեռևս մնացած բնակչությունը ևս ստիպված կլինի լքել իրենց տները Գազայի կարևորագույն հասարակական օբյեկտների ոչնչացման պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ 36 հիվանդանոցներից 23-ը մինչև հունվարի 3-ը լիովին անգործունակ են եղել, իսկ մահճակալների թիվը կրճատվել է 3500 մինչև 1400-ի՝ զգալիորեն աճող անհրաժեշտության ֆոնին:
  • Գազայի հատվածում Կրթական համակարգը նույնպես լուրջ սպառնալիքի է ենթարկվել։ 104 դպրոց ավերվել և լուրջ վնասներ է կրել։ Ընդհանուր առմամբ, դպրոցական շենքերի մոտ 70%-ը վնասվել է, իսկ նրանք, որոնք դեռ կանգուն են, հիմնականում օգտագործվում են որպես բռնի տեղահանվածների ապաստան։
  • Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 30-ի դրությամբ խմելու ջրի մատակարարումը կազմել է նախապատերազմյան պաշարների 7%-ը։ ԱՀԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 21-ի դրությամբ, հոկտեմբերի կեսերից ի վեր գրանցվել է լուծի ավելի քան 100.000 դեպք, դրանց կեսը հինգ տարեկանից ցածր երեխաների շրջանում: ԱՀԿ-ն նշում է, որ ակնկալում է, որ հիվանդություններից մահացությունների թիվը կգերազանցի անմիջապես ռազմական գործողությունների հետևանքով մահացությունների թվին։

Ռազմական իրադրությունն Իսրայելում և Գազայի հատվածում 2024թ. հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակատահվածում

  • Իսրայելի ռազմաօդային ուժերը 2023թ դեկտեմբերի 31-ի երեկոյան հարված են հասցրել Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող Ալ-Բուքամալ քաղաքի ԻՀՊԿ համալիրին:
  • Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հըզբոլլահ»-ի վերահսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարը: Հաղորդվում է նաև, որ հարվածը կարող է լինել Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից:
  • Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է «Հըզբոլլահի» էլիտար ստորաբաժանման հրամանատար Վիսամ ալ Թավիլը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրներին:
  • «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան Ալ-Արուրիի վերացումից հետո չեղյալ է հայտարարել 2024թ. հունվարի 3-ին նախատեսված ելույթը: Սպասվում է «Հըզբոլահի» պատասխանը, որի պատճառով Իսրայելը բարձրացրել է սպառնալիքի մակարդակը հյուսիսային սահմանին։ Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական բնակավայրերի բնակիչներին հորդորել են ապաստարաններում գտնվել։
  • Իսրայելական հետախուզության գնահատականներով ՝ «Հըզբոլլահը», ի պատասխան Բեյրութում Սալեհ Ալ-Արուրիի ոչնչացմանը, կարող է խորը հրթիռային հարված հասցնել Իսրայելի տարածքին:
  • «Bild» գերմանական պարբերականը գրել է, որ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյայի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո ՑԱԽԱԼ-ը և «Հըզբոլլահը» ավելի քան երբևէ մոտ են լայնամասշտաբ պատերազմին:
  • Իրանում Քերմանի գերեզմանատանը հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են Իսրայելին։ Հունվարի 2-ին Բեյրութում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից թիրախին հասցված հարվածի և հունվարի 3-ին Իրանում տեղի ունեցած պայթյունների ֆոնին տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի վտանգը ավելի մեծ է, քան երբևէ։
  • «The Wall Street Journal» պարբերականը նշել է, որ Իսրայելը դաշնակիցներին հայտնել է, որ կապ չունի իրանական Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած պայթյունների հետ:
  • Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հնարավոր պատերազմի ֆոնին Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Լիբանանը:
  • 42 մարդ, որոնց հաջողվել է փրկվել հոկտեմբերի 7-ին Իսրայելում երաժշտական փառատոնի մասնակիցների վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման ժամանակ, ՑԱԽԱԼ-ի դեմ հայց են ներկայացրել անփութության մեղադրանքով, որը հանգեցրել է զոհերի:
  • Հնդկական օվկիանոսում կամիկաձե ԱԹՍ-ները հարձակվել են Իսրայելին պատկանող երկու նավթային լցանավերի վրա:
  • Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցի ոչնչացման ավարտի մասին՝ թողարկելով 360° տեսանյութ, որը ցույց է տալիս ստորգետնյա անցումները: ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ հիվանդանոցի տակ գտնվող թունելի ճյուղերն ունեն մոտ 250 մ երկարություն և հասնում են տարածքում ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող մի քանի օբյեկտների: Տեսանյութի ընթացքում սակրավորները թունել են պայթեցրել, չնայած ՑԱԽԱԼ-ում պնդում են, որ հիվանդանոցի վերգետնյա շենքերը չեն տուժել:
  • Հունվարի 6-ին Իսրայելի ուղղությամբ Լիբանանի հարավային տարածքից առնվազն 40 հրթիռ է արձակվել։ ՑԱԽԱԼ-ը պատասխան հարված է հասցրել։
  • Իսրայելի ռազմաօդային ուժերի AH-64A Peten հարվածային ուղղաթիռը լիբանանա-իսրայելական սահմանին ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ին պատկանող կամիկաձե ԱԹՍ-ներ:
  • Լիբանանյան «Հըզբոլլահ» ռազմականացված խմբավորումը հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ՑԱԽԱԼ-ի հիմնական ռազմաբազաներից մեկին:
  • «The Washington Post» պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիտարկում է «Հըզբոլլահի» դեմ պատերազմի ընդլայնման հնարավորությունը՝ որպես իր պաշտոնը պահպանելու գործիք:
  • ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցի ոչնչացումը:
  • Իսրայելի պաշտպանության բանակը ստանձնել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» ավագ հրամանատարի ոչնչացման պատասխանատվությունը: Զինվորականների խոսքով՝ հարվածը պատասխան էր ՑԱԽԱԼ-ի հետախուզական բազայի վրա կատարված հարձակմանը լիբանանա-իսրայելական սահմանին։
  • Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որն ուղեկցում էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, NBC NEWS-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Գազայում ռազմական գործողությունները կավարտվեն մի քանի շաբաթվա ընթացքում:
  • Իսրայելի պաշտպանության բանակի 188-րդ զրահատանկային բրիգադի և «Հոլանի» բրիգադի զինծառայողները գրավել են ՀԱՄԱՍ խմբավորման «Ալ Բուրեյջ» գումարտակի հրամանատարական կետը, ինչպես նաև հայտնաբերել են Գազայի հատվածում ցամաքային գործողության ընթացքում հրթիռների և այլ սպառազինության արտադրության և պահպանման խոշորագույն օբյեկտներ։

Ռազմական աջակցություն Իսրայելին ընդդեմ ՀԱՄԱՍի

  • 2023թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ն Իսրայելին 8 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու խոստում է տվել։ Նույն ժամանակահատվածում Ամերիկյան Սենատը հետ է կանչել 30 միավոր Abrams տանկերի և 10 միավոր F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային՝ հօգուտ Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու:
  • 2023թ. հոկտեմբերի 17-ին Իսրայելն ԱՄՆ-ից 10 մլրդ դոլար հրատապ ռազմական օգնություն է խնդրել։ Հոկտեմբերի 10-ին ռազմական և երկակի նշանակության բեռներով առնվազն 45 Ինքնաթիռ է ժամանել Իսրայել՝ օգնություն ցուցաբերելու շրջանակներում:
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 14,3 մլրդ դոլար է խնդրել Իսրայելին օգնելու համար։ Այդ գումարի 70 տոկոսը կուղղվի ռազմական օգնությանը, 30 տոկոսը՝ հումանիտար աջակցությանը։
  • 2023թ. նոյեմբերի 7-ի դրությամբ ԱՄՆ-ն Իսրայելին 14 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում նախատեսում է ապահովել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերի մինչև 100 արձակման կայանքներ և առնվազն 14000 Tamir որսիչների արտադրություն: Ներկայումս ՑԱԽԱԼ-ի ծառայության մեջ գտնվող 10 միավոր «Երկաթե գմբեթի» մարտկոցներից յուրաքանչյուրը ներառում է երեքից չորս գործարկիչ (ընդհանուր առմամբ ոչ ավելի, քան 40 գործարկիչ), որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 20 Tamir հակահրթիռային համակարգ: Պենտագոնը նաև հաստատել է, որ Իսրայելի համար զինամթերք գնելու համար պահանջվող 4 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլարը բաժին է ընկել «Երկաթե գմբեթին», իսկ 1 միլիարդ դոլարը՝ «Դավթի Պարսատիկ» զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված 650 միավոր Stunner որսիչներին:
  • Գերմանիան 2023թ. 303 մլն եվրոյի սպառազինություն է մատակարարել Իսրայելին։ Իսկ 2022թ. 32 մլն եվրոյի սպառազինություն։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց Իսրայելի կողմից ռազմական օգնության խնդրանքներին՝ որպես գերակա առաջնահերթություն: Գերմանիայից անվտանգության օգնության մեծ մասը կապված է հակաօդային պաշտպանության հրթիռների և կապի սարքավորումների հետ:
  • 2023թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Իսրայելի կողմից ռազմական օգնություն մատակարարելու խնդրանքից հետո ԱՄՆ-ը 123 բեռնատար ինքնաթիռ և 7 նավ ավելի քան 7000 տոննա սպառազինություն և ռազմական տեխնիկա է հասցրել Իսրայել ՑԱԽԱԼ-ի համար:

Միջազգային հանրության արձագանքը ԻսրայելՀԱՄԱՍ պատերազմին

  • «Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին և Պաղեստինին դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ներկայիս սրացումը բազմամյա հակամարտության շատ վտանգավոր ռեցիդիվ է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
  • Չինաստանը կոչ է արել կողմերին խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
  • Միացյալ Նահանգները դատապարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման և նրա դաշնակիցների հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին և համերաշխություն հայտնել երկրի իշխանություններին և ժողովրդին: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
  • ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը տագնապով է հետևում Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումները»,-գրել է Բորելը Twitter-ում: Դիվանագետը ԵՄ անունից համերաշխություն է հայտնել Իսրայելին։
  • Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբեկը դատապարտել է Գազայի հատվածի կողմից Իսրայելի վրա հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել բռնությունը խաղաղ քաղաքացիների նկատմամբ: «Մենք լիովին համերաշխ ենք Իսրայելի հետ»,- ընդգծել է Բերբոքը:
  • Բելգիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է. «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը երկարաժամկետ սպառնալիք է ստեղծել Եվրոպայում անվտանգության համար, որը, ինչպես սպասվում է, կպահպանվի նաև հրադադարից հետո։ Ներկայումս հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կիջեցվի ահաբեկչական վտանգի մակարդակը»։
  • Մեծ Բրիտանիան միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները Իսրայելի քաղաքացիների վրա։ Մեծ Բրիտանիան միշտ կպաշտպանի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին։
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտության կողմերին զսպվածության կոչ են արել:
  • Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև էսկալացիան:
  • Թեհրանն աջակցել է պաղեստինյան խմբավորումներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին:
  • Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է գրառում ՝ ի աջակցություն պաղեստինյան խմբավորումների:
  • Կատարի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել հակամարտության սրումը՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդելով Իսրայելի վրա:
  • Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանվելու «օկուպացիոն զորքերից»։
  • Գազայի Ալ-Էհլի բապտիստական հիվանդանոցի իսրայելական ռմբակոծության հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել: Այս հարձակումից հետո ամբողջ աշխարհից արձագանք եղավ Իսրայելի գործողություններին։ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) խստորեն դատապարտել է Գազայի Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա հարձակումը և կոչ է արել վերջ դնել քաղաքացիական բնակչության և բժշկական հաստատությունների վրա հարձակումներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Եվրոպական Միության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը, Արաբական պետությունների լիգան, Աֆրիկյան միությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Նախագահ Էրսին Թաթարը, Կատարի հանրապետությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, Հորդանանը, դատապարտել են Գազայի հատվածում Ալ Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա հարձակումը: