ԿԳՄՍ նախարարը՝ «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ քննադատություններինու դիտարկումներին՝ ասաց. «Կային մասնագետներ, որոնք հանրային բարձրաձայնեցին իրենց դիտարկումները, կային նաև մասնագետներ, որոնք եկան նախարարություն ու ներկայացրեցին իրենց մասնագիտական դիտարկումները։ Ուզում եմ շնորհակալության հայտնել այդ մարդկանց, քանի որ եթե մարդն ունի ասելիք, միշտ պատրաստ ենք լսել նրանց, ու պարտադիր չէր այն ոճը, որն ընտրել էին շատերը։
Ունենք հետևյալ պայմանավորվածությունը. սպասում ենք հեղինակի կողմից ամբողջական անդրադարձի։ Լինելու է մի աղյուսակ՝ հնչած դիտարկումները, հեղինակի արձագանքը, ընդունել է, թե ոչ, եթե այո՝ հիմնավորի փաստարկված ու մասնագիտական դաշտում, եթե ոչ՝ կրկին հիմնավորի։
Այդ ամփոփաթերթը հասանելի կլինի բոլորին, ովքեր դիտարկումներ են ներկայացել, որպեսզի տեսնենք, թե հեղինակն ինչպես է արձագանքել և նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ անկախ կարծիքի, որպեսզի որպես նախարարություն ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նշեց, որ էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են, որպեսզի իրենք տեսնեն իրական աշխատանքային պրոցեսը, իսկ աշխատանքային պրոցեսը մեկն է՝ կան նոր դասագրքեր, որոնք անցնում են փորձարկում, ի հայտ են գալիս փոփոխությունների կարիք, դրա արդյունքում կլինեն ավելի լավ դասագրքեր։

