Ուկրաինայի ԶՈՒ-ն Թեոդոսիայի նավահանգստում հարվածել է ռուսական դեսանտային նավին
Դեկտեմբերի 26-ին ժամը 02:30-ի սահմանում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մարտավարական ավիացիան թևավոր հրթիռներով գրոհել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Նովոչերկասկ» խոշոր դեսանտային նավին՝ Թեոդոսիայի նավահանգստում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ղրիմի Թեոդոսիայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավին։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը․
«Թշնամական հարձակում է իրականացվել Թեոդոսիայի շրջանում։ Նավահանգստի տարածքը շրջափակված է, պայթյունը դադարել է, հրդեհը՝ մեկուսացվել»,- նշել է նա։
Նահանգապետը հավելել է, որ իրավիճակն անձնական վերահսկողության տակ է պահում և կոչ է արել հանգստություն պահպանել, վստահել պաշտոնական տեղեկատվությանը:
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը անդրադառնալով գրոհին, դեկտեմբերի 26-ի առավոտյան հայտնել է․ «Երեկոյան և գիշերվա ընթացքում ուկրաինացի պաշտպանները ոչնչացրել են ռուսական 13 հարձակողական անօդաչու թռչող սարք և «Նովոչերկասկ» խոշոր դեսանտային նավը»։

