Ո՞նց է՝ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին․ մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում․ Գառնիկ Դանիելյան
Ջրի շրջանառության խնայող համակարգերի տեղադրման եւ ջրաքանակի կրճատման պատճառով ձկնաբուծական տնտեսությունները փաստացի կանգնելու են սկանկացման եզրին. այդ գործունեությունը հնարավոր չի ծավալել նման կարճ ժամանակահատվածում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության դիմաց ձկնաբույծների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Այս մարդիկ վարկեր են վերցրել, սա գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճեր է գրանցում եւ արտահանմանը միտված ոլորտ է: Փաստացի, այն 1000 ապօրինի տիրազուրկ հորերը, որ կան, ահռելի քանակությամբ ջուր է այդտեղից գնում: Փոխանակ այդ կորուստների հարցը լուծեն, ձկնաբույծներին են դժվար դրության մեջ դնում: Հայաստանում 70 տոկոս ջրի կորուստ կա, չեն կարողանում կրճատել դա: Եթե անգամ ձկնաբույծները ջրի քանակը կրճատեն, այդ ապօրինի հորերից է ջուրը գնալու, այսինքն խնդիրը չի լուծվելու: Առաջնահերթ պետք է այդ խնդիրը լուծել»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, այսօր ձկնաբույծների ծախսերը մոտ են ինքնարժեքին. «Մի հատ էլ լրացուցիչ մարդիկ մտնեն ֆինանսական բեռի տակ, փաստացի սնանկացման եզրին են կանգնելու։ Այսօր այս ոլորտը Ռուսաստանում մրցում է թուրքական ձկան հետ: Թուրքիայի կառավարությունը դոտացիա է տալիս ձկնաբույծներին, որ էժան մուտք գործի ռուսական շուկա: Առանց այդ էլ մեր ձուկը թանկ է, բայց կարողանում է իր որակի, տնտեսվարողների քիչ եկամուտների հաշվին մրցունակ լինել: Այս պարագայում բացարձակ մրցունակ չի լինելու, ընկերությունները փակվելու են:
Կառավարության ղեկավարը փաստացի ասաց՝ մեզ ձուկ պետք չի, մեզ պետք է ջուր: Այսինքն այս ոլորտը կարող է պարալիզացվել, փակվել: Մենք հիմա դուռ ենք բացում թուրքական ձկան առա՞ջ, որ ավելի տարածվի ԵԱՏՄ շուկայում:
Բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմող երկիր ենք, մի օր եթե շրջափակում եղավ, այդ ձուկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար։
Մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում, ասում են, թողեք մենք աշխատենք։
Այս մարդկանց տները գրավի տակ են, մտել են վարկային մեծ բեռի տակ, փաստացի այս մարդիկ հայտնվել են փողոցում։ Ինչ է, դուռ ենք բացում թուրքական ձկան համար»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

