Ինչո՞ւ չի արձագանքել ԱԺ նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպին․ հարց ՄԻՊ-ին

«Անկեղծ ասած՝ մեր աշխատանքից դժգոհություններ բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք են ներկայացնում»,-կառավարության դիմաց ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Մարդու իրավունքի միջազգային օրվա առթիվ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների՝ իր ղեկավարած գրասենյակի մոտ ծաղկեպսակներ դնելու փաստի վերաբերյալ հարցին։

Հայտարարելով, որ չափազանց կարևորում է խոսքի ազատությունը և դրա իրավաչափ եղանակով իրացումը՝ Անահիտ Մանասյանն ասաց. «Ենթադրում եմ՝ տարբեր քաղաքական գործընթացներին վերաբերելի հարցեր են։ Հիմնական գաղափարը կայանում է հետևյալում, ես որպես ՄԻՊ և այլ պաշտոնում երբևէ չեմ դառնալու գործիք քաղաքական տարբեր ուժերի ձեռքում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են։ Իմ գործունեությունն իրականացնում եմ բացառապես իրավական սկզբունքների և ՄԻՊ իրավունքներին վերաբերելի արժեքների հիման վրա։ Անում եմ եզրակացություն բացառապես այն ժամանակ, երբ ունեմ վստահություն, որ կարելի է նման եզարակցություներ անել։

Իսկ այն հիմնական գաղափարները, որ  հնչեցվում են,  օրինակ՝ գործունեությունը ոչ պատշաճ կամ ոչ ամբողջական իրականացնելու առնչությամբ, դրանք հիմնականում քաղաքական բնույթ ունեցող դիտարկումներ են, ավելին ասեմ՝ դրանք դիտարկումներ են, որոնք կարող են հանգեցնել նրան, որ ՄԻՊ-ը դառնա քաղաքական գործիչների, կամ քաղաքական ուժերի ձեռքին գործիք, ես այդպիսին չեմ դառնալու և, ինչը շատ կարևոր է, երաշխավորելու եմ, որ ՄԻՊ հաստատությունն այդպիսին երբևէ չդառնա»,- ասաց ՄԻՊ-ը։

Հարցին, թե այդ դեպքում ինչու չի արձագանքել ԱԺ նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպին՝ Անահիտ Մանասյանը հստակ պատասխան չտվեց։