Ժամանակավոր ներմուծված մեքենաներն այսօրվանից կմաքսազերծեն նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած հնարավոր կլինի մաքսազերծել նաև մայրաքաղաք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում, Վանաձոր քաղաքի Արևելյան մաքսատուն-վարչությունում և Սիսիան քաղաքի Հարավային մաքսատուն-վարչությունում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Երևանի Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում՝ «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ, Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95, «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, Երևան, Շիրակի փողոց 43: