Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի գործերին ցանկացած միջամտություն խստորեն կկասեցվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ցանկացած միջամտություն Ռուսաստանի գործերին խստորեն կկասեցվի։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 15-ին Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է «Իզվեստիա»-ն։

«Մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդի ազատությունը, նրա ինքնիշխանությունը և ապագան ընտրելու իրավունքը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ միայն Ռուսաստանի ժողովուրդն է երկրում իշխանության միակ աղբյուրը։

Նրա խոսքով, ընտրություններում քվեարկությունը պետք է անցնի թափանցիկ, օրինական և ազնիվ, ժողովրդավարական ընթացակարգերին լիովին համապատասխան։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ նախընտրական շրջանում Ռուսաստանի Դաշնության բոլոր կուսակցությունների համար գլխավորը պետք է լինի ազգային հիմնարար շահերի խոր գիտակցումն ու պատասխանատվությունը ժողովրդի առաջ։

«Առաջիկա նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, այսպես թե այնպես, կորոշեն իրենց դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, բոլորի համար գլխավորը համարում եմ ազգային հիմնարար շահերի խոր գիտակցումը, ժողովրդի, մեր երկրի և նրա ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվությունը»,- ասել է նա։