Գագիկ Ոսկանյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները դեռևս չեն պարզվել, քրեական գործով որևէ մեղադրյալ չկա
Ադրբեջանում դատապարտված պահեստազորային, վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանյանի՝ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո հայտնվելու հանգամանքները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն։
Հիշեցնենք, որ վարժական հավաքներին մեկնած զինծառայող, շարքային Գագիկ Ոսկանյանի գերեվարման մասին հայտնի է դարձել օգոստոսի 16-ին։ Վարկածները տարբեր էին, այդ թվում՝ մարտական դիրքն ինքնակամ լքելու վարկածը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարների համաձայն՝ պահեստազորայինը եղել է իր զրահաբաճկոնով ու իրեն ամրակցված ինքնաձիգով։
Ոսկանյանի՝ գերության մեջ հայտնվելու դեպքով վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔԿ-ում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: ՔԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նույն օրը, ավելի ուշ, ժամը 11․25-ի սահմաններում, տեսադիտակման կետից դիտարկվել է, որ Գ․ Ոսկանյանին հակառակորդի մարտական դիրքին հարող, Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքից ադրբեջանական զինծառայողները գերեվարել են:
«Քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն՝ ինչպես նշված անձի կողմից մարտական դիրքն առերևույթ թողնելու, այնպես էլ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ նրա հայտնվելու և գերեվարվելու իրական հանգամանքները պարզելու նպատակով։ Այդ կապակցությամբ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներին»,- հայտնել էր ՀՀ ՔԿ-ն:
Ոսկանյանն ադրբեջանական գերության մեջ դատապարտվել էր 18 տարի ժամկետով ազատազրկման, իսկ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հայրենադարձվել գերության մեջ գտնվող ևս 31 հայի հետ միասին։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Ոսկանյանն արդեն հարցաքննվել է, և արդյո՞ք նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
«Այս գործով դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Իրականացվում է քննություն, հետագա քննչական գործողությունների մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել»,- մեր հարցին ի պատասխան հայտնեց Գոռ Աբրահամյանը։
Իրավապահները փաստացի դեռևս չեն պարզել Ոսկանյանի՝ գերության մեջ հայտնվելու իրական հանգամանքները, ինչով պայմանավորված արդեն պարզ կլինի նրա հետագա դատավարական կարգավիճակը։

