Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ. ՀՀ դեսպան
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ամսագրում տեղ է գտել նաև դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը։ Հունասատանում ՀՀ դեսպանը նշել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ․ «Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։
Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն: Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների»,- նշել է դեսպան Մկրտչյանը։

