ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների համար. ֆինանսների նախարար
2024 թվականին ՀՀ պետական բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների համար կավելացվի լրացուցիչ 30 մլրդ դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
Նախարարի խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը։
«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն ասեմ, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ-ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ-ում։
Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թ. իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր։
Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է։ Հովհաննիսյանը վստահեցրեց` եթե չհասցնեն մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդից, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն։

