6 ամիս առաջ արված գրառման համար Արագած Ախոյանը կալանավորվում է հիմա. Պաշտպանական կողմը տարակուսած է՝ ինչո՞ւ
Արագած Ախոյանի գործով որևէ ապացույց առկա չէ, անգամ ապացույց չկա, որ ֆեյսբուքյան էջը շահագործվում է իր կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արագած Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել է՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել Ախոյանին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Ընդ որում, ինչպես պարզվեց, այս ընթացքում Ախոյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ամիսներ անց պարզապես ձերբակալել են՝ կալանավորման միջնորդության քննարկման համար դատարան ներկայացնելու հիմքով։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 5 մլն դրամի չափով և տնային կալանքը, սակայն դատարանը որոշել է մասնակի բավարարել միջնորդությունը՝ Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով։
Դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն արդեն իսկ ունեն որոշում այն բողոքակելու՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի առկայությունը, թե՛ կալանավորման հիմքերը։ Փաստաբան Գոռ Վարդանյանը հայտնում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հուլիսի 31-ին և մինչև հոկտեմբերի 20-ը Արագած Ախոյանին առհասարակ չեն հրավիրել, որևէ գործողություն չի իրականացվել, քրեական վարույթում էլ՝ առհասարակ գործողություններ չկան։
«Հոկտեմբերի 20-ին վկա-կասկածյալի կարգավիճակով հարցաքննել են, Արագած Ախոյանը հայտնել է, որ առանց փաստաբանի է ներկայացել, ուստի խնդրել է ժամանակ տրամադրել, որ փաստաբանի հետ ներկայանա։ Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 6-ը նրան չեն կանչել, միանգամից ձերբակալման որոշում են կայացրել՝ դատարան ներկայացնելու համար»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ դատարանում այդպես էլ չեն ստացել պատասխանն այն հարցի, թե ինչու են այժմ կալանավորում Արագած Ախոյանին՝ շուրջ վեց ամիս առաջ կատարված գրառման համար, առնվազն ինչ փոփոխություններ են կատարվել առհասարակ քրեական գործով, կալանավորման միջնորդությանը կից որևէ նյութ չկա, միայն մեկ վկայի հարցաքննություն է, որը բարեկամ է և հայտնել է, որ «Արագած Ախոյան» ֆեյսբուքյան օգտատերին ճանաչում է իր բարեկամ։ Որևէ այլ ապացույց, փաստաբանի դիտարկմամբ, առկա չէ։ Ավելին, պարզվում է՝ իրավապահներն անգամ տվյալներ չունեն, որ տվյալ ֆեյսբուքյան էջը հենց Ախոյանին է պատկանում։
«Քրեական վարույթով ապացույց չկա, որ հիշյալ՝ «Արագած Ախոյան» էջը վարել և շահագործել է Արագած Ախոյանը, քանի որ միայն ֆեյսբուքյան էջի հղումն է նշված, ո՛չ IP հասցե կա, ո՛չ դոմեյնով նույնականացում։ Ուստի, եթե չունենք ապացույցները, չենք էլ կարող ասել՝ արդյո՞ք իմ պաշտպանյալն է նման գրառում կատարել, թե ոչ»,- նշեց Վարդանյանը։
Կալանավորման միջնորդության հիմքում մեղադրանքի կողմը մատնանշել է Ախոյանի կողմից գործի քննությանը խոչընդոտման և հնարավոր նոր հանցանք կատարելու հավանականությունը։
«Մեր կողմից հարց է բարձրացվել, թե ինչով կարող է խոչընդոտել Արագած Ախոյանը, եթե գրառումը կատարվել է հունիսի 6-ին, անցել է շուրջ վեց ամիս և վեց ամիս անց ինչով պետք է խոչընդոտի։ կցկտուր պատասխաններ, վերացական նախադասություններ, ոչինչ ավելին»,- արձանագրեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելու հավանականությանը, որը մեղադրանքի կողմը մատնացույց է արել՝ հիշեցնելով Արագած Ախոյանի վերաբերյալ քննվող երկու գործերը, որոնցով Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ապա պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ այդկերպ խախտվում է Ախոյանի անմեղության կանխավարկածը․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են 2023թ․ հունիսի 8-ից հետո՝ առնվազն վեց ամիս անց, մեղադրանք ներկայացնում և կալանավորում»։
Արագած Ախոյանը քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք չի տվել։ Դիտարկմանն ի պատասխան, որ «ՔՊ»-ական պատգամավորների կողմից անգամ ՄԻՊ ընտրության ժամանակ հնչում էր «ականջ կտրելու» և այլ առերևույթ բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, սակայն իրավապահները դա չեն տեսնում, փոխարենը, Արագած Ախոյանը կալանավորվում է վեց ամիս առաջ արված հայտարարության համար՝ Վարդանյանը վերահաստատեց իրավապահների կողմից դրսևորվող երկակի ստանդներով մոտեցումը։
«Գործ ունենք երկակի ստանդարտների և սուբյեկտիվ մոտեցման հետ։ Թե տեսնում և աչք են փակում՝ չեմ կարող ասել, հասցեատերը ես չեմ, ուստի չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ գործ ունենք երկակի ստանդարտների հետ՝ որոշ հանգամանքներ իրենց համար նորմալ է, իսկ Արագած Ախոյանի դեպքում ցանկացած հայտարարություն կարող է դիտարկվել որպես բռնության կոչ»,- արձանագրեց Վարդանյանը։
Փաստաբանը նաև հիշեցրեց «Վարդան Մուրադյանն ընդդեմ ՀՀ» գործով նախադեպը, որով անդրադարձել են ՀՀ-ում կալանավորման նիստերին, որ մշտապես վերացական նախադասություններ են լինում, սույն գործն ամբողջությամբ կառուցված է վերացական ենթադրյալ փաստերի հիման վրա։

