Նիկոլականների համար մեղավոր են բոլորը, նույնիսկ ընդդիմադիր Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փայլեց իր անհեռատես և հակահայկական հայտարարություններով։ Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ առավելություն չի տեսնում հանրապետությունում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ, և որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը «չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։
Բնականաբար նրան սկսեցին ընդօրինակել իր գրպանային «հայրենասերները»՝ ասելով, թե բա՝ թող Ռուսաստանը բարի լիներ՝ կեղտոտ խաղեր չխաղար, մենք էլ իրենցից երես չթեքեինք։ Բայց սա էլ դեռ հերիք չէ, թե բա՝ թող չթալանեին, դղյակներ չսարքեին, 44-օրյա պատերազմում Նիկոլը կհասներ Բաքու ․․․։
Էստեղ են ասել՝ չէ, դուք լո՞ւրջ եք խոսում, սթա՞փ եք առհասարակ, թե արբեցած եք ձեր անձնական հաշիվներում մի երկու գրոշի տեսքից ու հլու-հնազանդ կատարում եք «գործատուի» պատվերը։
Բնավ անիմաստ ենք համարում թարմացնել նմանօրինակ անհատների հիշողությունը, քանզի նրանք առհասարակ առաջնորդվում են գումար-հրահանգ-կատարում սկզբունքով, բայց մեր հայրենակիցներին հարկ ենք համարում հստակ օրինակներով հիշեցնել գործողությունների այն հաջորդականությունը, որը հանգեցրեց ՀՀ-ի միակ ռազմավարական գործընկերոջ անվստահությանը և արդեն իսկ հրապարակավ փաստարկված ապացուցմանը, որ ՀՀ ներկայիս ղեկավարը հանձնեց Արցախը և կործանում է Հայաստանը։
Ինչևէ, փորձենք հասկանալ՝ ինչ մանիպուլյացիոն թեզեր է ներկայացնում ներկայիս հայակործան խունտան՝ փորձելով քողարկել իրենց դավաճանությունները, Արցախի հանձնումն ու Հայաստանի բզկտումը։
Առաջին՝ թալան, դղյակ, ԽԾԲ։ Այս միֆը, որով ներկայիս խմբակը եկավ իշխանության, շատ արագ պայթեց փուչիկի պես հենց իրենց կողմից, քանզի իշխանության գալով՝ չտես, ծակաչք խմբակը սկսեց կուտակել՝ ԽԾԲ համակարգի, կոռուպցիայի, դղյակների, թալանի միջոցով՝ ճանապարհին կործանելով և հանձնելով հայրենիքը (հիշենք իշխանության ներկայիս ներկայացուցիչների մեկ տարվա մեջ զրոյական հաշիվների համալրումը մի քանի միլիոնով՝ կախարդական փայտիկի գործարկմամբ, դղյակներն ու աստղաբաշխական թվերով իբր վարկերի ձևակերպումները, ինչպես նաև ԽԾԲ-ի գործարկման աննախադեպ ծավալները։
Երկրորդ միֆը, որ զուգորդում են նախկինների մասին հերթական հիշատակություններով, թե Ռուսաստանը մեզ թողեց մենակ, Ռուսաստանը մեզ զենք չվաճառեց, Ռուսաստանը Ադրբեջանին է զենք վաճառել և այլն, և այլն․․․
Իհարկե, ամենևին մտադրություն չունենալով արդարացնել վերջին շրջանում ՌԴ-ի որոշակի գործողություններ, հատկապես ՌԴ խաղաղապահների անգործությունը Արցախի Հանրապետությունում ավելի քան 9 ամիս, այնուհետև սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ակնհայտ հանցագործությունների առնչությամբ, և ունենալով մի շարք հարցեր նրանց, որոնք պահանջում են հստակ պատասխանատվություն և պատասխաններ ՌԴ-ից, հարկ ենք համարում արձանագրել, որ 2018-ին վայհեղափոխականների իշխանության գալու գինը հենց ՌԴ-ին այս տարածաշրջանից հեռացնելն էր, ինչը և վերջնականապես արձանագրեց պետականակործան վայհեղափոխական Փաշինյանը՝ արդեն իսկ բացահայտ խոսելով ռուսական ռազմակայանների՝ ՀՀ-ից հեռացնելու մասին։
Իհարկե, կգտնվեն այսօր նաև մարդիկ, որ կասեն, թե բա դժվար ժամանակներ են, Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն է, և Փաշինյանը փորձում է մանևրել՝ նախընտրելով Արևմուտքի օգնությունը։ Բարի, ընդունենք ի գիտություն այդ տարբերակը և հակադարձենք փաստերով և օրինակներով։
Նախ արձանագրենք, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը նոր չէ, այն տարիների պատմություն ունի, ինչի արդյունքում Վրաստանը նիկոլանման ղեկավար Սահակաշվիլու թեթև ձեռքով և քաղաքական անհեռատեսության ու արկածախնդրության պատճառով կորցրեց տարածքներ՝ Հարավային Օսիան և Աբխազիան։ Այն ժամանակ Սահակաշվիլին, ինչպես և Փաշինյանը, ձգտելով հարաբերությունները զարգացնել ՆԱՏՕ-ի հետ, «գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում մասնակցելով խաղաղասիրական ձեռնարկությունների, փորձում էր ՆԱՏՕ-ի լծակներն օգտագործելով՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, արդյունքում ոչ միայն կորցրեց տարածքներ, այլև չհայտնվեց բաղձալի ՆԱՏՕ-ի կազմում, ավելին՝ թուրքական երախը կուլ տվեց Վրաստանի տնտեսությունը, և այսօր Վրաստանը դարձել է կախյալ պետություն։
Նմանօրինակ և բզկտված ճակատագրի արժանացավ նաև արկածախնդիր դերասանին պետության ղեկը վստահած Ուկրաինան, որը այսօր նման է ուրվական պետության, որտեղ Արևմուտքը ուկրաինացիների կյանքի գնով Ռուսաստանին դիմագրավելու փորձեր է անում։
Այսպիսի ճակատագրի արժանացնելու փորձեր նախկինում եղել են նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ հենց նրանց թեթև ձեռքով բոլոր հայակործան ծրագրերը պսակվում էին անհաջողությամբ։ Այսօրվա խունտայի կողմից նախկին համարվող ՀՀ 3-րդ նախագահի բալանսավորված և բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը հայաստանյան հարթակում վերածվում էր բանակցային գործընթացի, քանզի գաղտնիք չէ, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը քննարկում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և փորձում լուծումներ տալ, այլև մի շարք այլ սկզբունքային խնդիրներ։ Բացի դրանից հենց, ՀՀ-ն լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, Սերժ Սարգսյանը կարողացավ 2017 թ․ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչի մասին ի դեպ պարծենում էր վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը Եվրոպական խորհրդարանում հնչեցրած ելույթում․
«Անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին, պիտի ընդգծեմ, որ ԵՄ-ը վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը մեր բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է և գտնվում է ակտիվ իրագործման փուլում»։
Այս ամենից զատ նախկինների պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական ձեռքբերումներով, նաև՝ ռազմական։ Բացի նրանից, որ նախկինների օրոք Ռուսաստանը Հայաստանին վաճառում էր զենքը անհամեմատ ցածր, գործարանային գներով, ինչպես նաև նվիրում մի շարք սպառազինություններ, 2016-ին սեպտեմբերի 21-ին Անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շարքում Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդեր» համալիրները ցնցեցին ողջ աշխարհը: Իհարկե, դժվար գտնվեն մարդիկ, որ կարծեն, թե այդ ամենը տրվել է Հայաստանին Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի համար, այլ Ռուսաստանը բացառապես առաջնորդվել է այն սկզբունքով, որ Հայաստանը համարվել է վստահելի գործընկեր, որը երբեք և ոչ մի պարագայում չի դավաճանի իր գործընկերոջը։
Բացի դրանից արձանագրենք, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ և անպատեհ առիթով մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը, թե բա մեզ մենակ թողեց 44-օրյա պատերազմում, չօգնեց Լաչինի միջանցքի հարցով և այլն, հիշեցնենք, որ այդ նույն Ռուսաստանը 2016 թ․ կանգնեց իր ռազմավարական գործընկերոջ կողքին՝ նպաստելով հրադադարի հաստատմանը։
Ինչևէ, փաշինյանական խոսույթին հակադարձող շատ օրինակներ կարող ենք բերել, որոնք ապացուցում են, որ ոչ թե գործընկերն է դարձել դավաճան, այլ հենց իրենք՝ փաշինյանական խմբակն է ծրագրված դավաճանում գործընկերոջը՝ փորձելով դուրս բերել վերջինիս տարածաշրջանից, չգիտակցելով կամ գուցե քաջ գիտակցելով, որ կատարելով դրսից հնչեցվող հրահանգները, արդյունքում դավաճանում են սեփական Հայրենիքն ու հայրենակիցներին (չնայած Հայրենիքի ու հայրենակիցների առումով կարելի է մի փոքր վերապահում ունենալ)։
Ինչ վերաբերում է նիկոլականների կողմից նախկինների մասին անպատեհ հիշատակումներին, ասենք միայն, որ ձեր կողմից նախկին համարվող Սերժ Սարգսյանը իր քաղաքական հեռատեսության, խոհեմության և պետականամետ գործչի արժանապատվության շնորհիվ իր ողջ պաշտոնավարման ընթացքում գործընկերների կողմից արժանացել է ոչ թե դավաճանության, ինչպես Փաշինյանն է անդադար բարձրաձայն սրտնեղում, այլ հարգանքի և հայանպաստ կողմնորոշման ու վերաբերմունքի, ինչի արդյունքում Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկերը վնգստում էր․ «Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ» ․․․։
Ժաննա Ծառուկյան

