Համատեղ վարժանքներին կմասնակցի մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող
Շուրջ 85 ամերիկյան և 175 հայ զինծառայող կմասնակցի Հայաստանի հետ համատեղ զորավարժություններին, որոնք կոչվում են Eagle Partner: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտնել են ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունից։
«Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր 2023» (Eagle Partner) խաղաղապահ զորավարժությունների ընթացքում մոտ 85 ամերիկացի զինվորներ կմարզվեն մոտ175 հայ զինվորների հետ»,-ասվում է Եվրոպայում և Աֆրիկայում Միացյալ Նահանգների բանակի հրամանատարության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժություններին կներգրավվեն ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց հետ Հայաստանը համագործակցության ծրագիր ունի 2003 թվականից։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակն է նախապատրաստել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում այս տարվա վերջին գնահատմանը։
Eagle Partner զորավարժությունները երկու երկրներին թույլ կտան «նոր հարաբերություններ կառուցել մարտավարական մակարդակում» և մեծացնել ստորաբաժանումների միջև փոխգործունակությունը խաղաղապահ գործողությունների համար, ասել է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության խոսնակ, գնդապետ Մարտին Օ’Դոնելը:

