Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը միջնադարյան պաշարում է անվանել

Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միրզոյանն ասել է սլովենական Բլեդ քաղաքում կայացած ռազմավարական ֆորումի ժամանակ։ Ելույթից հատվածները նա հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ճգնաժամային իրավիճակների համատեքստում միջազգային ինստիտուտների գործունեությանը։

«Դուք բոլորդ գիտեք Լեռնային Ղարաբաղի մասին, որը գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ներկա պահին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով 120 հազար մարդ գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այժմ Լեռնային Ղարաբաղ չի մատակարարվում ո’չ սննդամթերք, ո’չ դեղորայք, ո’չ վառելիք: Ո՛չ մի բան»,– նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից տասնամյակներ շարունակ ձևավորվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները, կուտակել բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ճգնաժամերն ու հակամարտությունները կառավարելու համար։

Սակայն երբ խոսքը վերաբերում է իրական ճգնաժամին և հակամարտություններին, ապա շատ հաճախ գործիքներն այնքան էլ արդյունավետ չեն:

«Մենք ինստիտուտներում թերություններ չունենք, մեզ այլ բան է պետք։ Կարծում եմ, որ այստեղ բացակայում է քաղաքական կամքը, կանոնների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ընդ որում՝ բոլորի կողմից,ոչ միայն նրանց, ովքեր խախտում են կանոնները։ Կանոնների պահպանման այլընտրանքը քաոսն է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում օգոստոսի 28-29-ը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին։

«Համերաշխություն հանուն գլոբալ անվտանգության» խորագրով միջոցառմանը ներկա են եղել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին, Բրազիլիայի արտգործնախարար Մարիա Լորա դա Ռոշան և այլք։