Իրանական IRNA գործակալության գործադիր տնօրեն Ալի Նադերին Ադրբեջանում է

Իրանի կառավարական IRNA-ի գործադիր տնօրեն Ալի Նադերին քառօրյա այցով Ադրբեջանում է։ Նա մասնակցելու է բռնազավթված հայկական Շուշի քաղաքում Բաքվի իշխանությունների կազմակերպած «գլոբալ մեդիա ֆորումին»։

IRNA-ի տեղեկացմամբ, Նադերին այցելել է Ադրբեջանի պետական Azərtac լրատվական գործակալություն: Առաջարկել է վերաբացել Թեհրանում ու Բաքվում երկու գործակալությունների գրասենյակները:

Նրա խոսքով IRNA-ն նախատեսում է առաջիկա օրերին Շուշիում կայքի ադրբեջանալեզու տարբերակը գործարկել (դեռ պարզ չէ՝ հենց Շուշիից է գործելու, թե բացումն են այնտեղ անելու):

Իսկ նախաձեռնությունների նպատակը «ինֆորմացիան առաջին ձեռքից փոխանակելն ու ֆեյք լուրերի դեմ պայքարելն է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններն էլ վերադառնան նախկին մակարդակին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները բռնազավթված հայկական Շուշի քաղաքում կազմակերպել են «գլոբալ մեդիա ֆորում»՝ «Նոր լրատվամիջոցները չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ» շքեղ խորագրով։