Հայտնի է Սյունիքում առևանգված հայ զինծառայողների դատական նիստի օրը

Թշնամու կողմից առևանգված Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով
Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, որը հայտարարել է, թե ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։

Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով:

Հիշեցնենք` մայիսի 26ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։ Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։