Կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ. ՀՀ փոխարտգործնախարար
Կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ չենք կարող համաձայնության գալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա պարզաբանեց, որ համաձայնություն չկա, «թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտ, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքներ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմներ։ Ցավոք, այս պահին այս հարցերի շուրջ համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»,- նշեց փոխարտգործնախարարը։
«Հայկական կողմը միշտ պատրաստ է հանդիպումների՝ հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի թեմաների շրջանակներում տեքստերի քննարկման համար։ Մենք շահագրգռված ենք այս բոլոր ուղղություններով արդյունք գրանցել»,-հավելեց փոխարտգործնախարարը։
Անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հետաձգված հանդիպմանը, Կոստանյանը նշեց, որ այս պահին քննարվում են նոր ժամկետները։ Նրա խոսքով՝ մոտակա ժամանակում կկարողանան հանրային տեղեկատվություն տրամադրել այս մասին։

