ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22-ին

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանում Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը տեղի կունենա հունիսի 22-ին՝ հինգշաբթի օրը։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արյուսակ Ջուլհակյանը։

Հունիսի 19-23-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի կարևոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետևանքների, ինչպես նաև Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ:

Վեհաժողովը նաև համատեղ քննարկումներ կանցկացնի միգրացիայի հարցի շուրջ և կքննարկի երեք զեկույց՝ միգրանտների և փախստականների ինտեգրման մասին, սպորտի միջոցով միգրանտների, փախստականների և ներքին տեղահանված անձանց սոցիալական ինտեգրման մասին, ինչպես նաև առանց փաստաթղթերի աշխատավորներին կամ մշտական կարգավիճակ չունեցող անձանց բժշկական և սոցիալական օգնության տրամադրման մասին։