«Ես հարցրի Սերժ Սարգսյանին` Շուշին ազատագրո՞ւմ ենք, նա պատասխանեց` ազատագրում ենք»

«Մեր պապեր Շուշին ազատագրել ենք` հանգստացեք»

Դուշման Վարդան

Գերմանացի հայտնի մի զինվորական Շուշիի ազատագրումից տարիներ անց, Արցախ գնալու ճանապարհին, խնդրել է կանգնեցնել մեքենան, դուրս է եկել ու հեռվից դիտելով լեռներից վեր անառիկ ամրոց Շուշիի դիրքը` հարցրել իրեն ուղեկցող հայ զրնվորականներին՝ ինչպե՞ս եք հայերդ կարողացել ազատագրել այս անմատչելի քաղաքը: Ու երբ նրան պատմել են «Հարսանիք լեռներում» օպերացիայի, կիրառված մարտավարական հնարքների մասին, գերմանացին հիացմունքով բացականչել է. «Հիրավի, հայերդ ռազմական մեծ տաղանդ ունեք»:

Ինչո՞ւ Շուշիի ազատագրման գործողությունը ստացավ «Հարսանիք լեռներում» փոքր-ինչ արտասովոր անվանումը: Այդ մասին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր- Թադևոսյանը`լեգենդար Կոմանդոսը պատմում էր.

«Ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց.

-«Տղե՛րք, ի՞նչ բանի եք:

Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում:

-«Տղե՛րք, վախենամ՝ գլուխ չհանենք: Մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»,-ասել է Վազգենը, նկատելով, թե հարկավոր է շատ լավ պատրաստվել:

– Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:

– Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- ժպտալով պատասխանեց նա:

Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում» »:

Ու հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրման ռազմական օպերացիան ստանում է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

 1992-ի ՄԱՅԻՍԻ 8-Ի ԳԻՇԵՐԸ «ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՍԿՍՎԵՑ

Հայկական մշակութային քաղաք Շուշին Արցախյան առաջին պատերազմի օրերին ադրբեջանցիները վերածել էին ռազմական հենադաշտի, քաղաքի եկեղեցիները՝ զինամթերքի պահեստների: Շուշիից հրետակոծվում էին հարակից հայկական մյուս բնակավայրերը: Հատկապես, ծանր վիճակում էր գտնվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքում կենտրոնացած 70 հազար բնակիչները գտնվում էին թշնամու հրետակոծության տակ:

Վիճակագրական տվյալների համաձայն. «1991 թ. նոյեմբերից մինչ 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիում և այլ բնակավայրեւոմ տեղակայված ադրբեջանական հենակետերից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ հեռահար հրթիռային «Գրադ» կայանքներից։ Այդ արկակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել 370 բնակելի տներ և շինություններ։ Ստեփանակերտը, փաստորեն, գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր»։

1991-1992 թվականները Արցախի համար ծանր ժամանակներ էին: Խստաշունչ ձմռան օրերին շրջափակման մեջ գտնվող Ստեփանակերտի բնակիչները ստիպված էին թաքնվել նկուղներում. չկար էլեկտրականություն, ջեռուցում, անգամ ջրի հարցը դժվար էր լուծվում, չկար հաղորդակցություն, չկային նվազագույն կենսապայմաններ։ Կյանքը քաղաքում կաթվածահար վիճակում էր: «Քաղաքը մեռնում էր: Գրադը» ռմբակոծում էր յուրաքանչյուր քառակուսի մետրը: Ստեփանակերտն արդեն չկար»,- հետագայում ասել է Շուշիի օպերացիայի հրամանատար լեգենդար Կոմանդոսը:

Այս իրավիճակում միակ փրկությունը Շուշիի ազատագրումն էր: Այն արցախցիների համար կենաց-մահու խնդիր էր, քանզի հարկավոր էր լռեցնել թշնամու հրետակոծությունները, հարկավոր էր օր առաջ կանխել հայ բնակչության կորուստները: Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո սկսվում է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանի մշակումը: Այն կազմվում էր գաղտնիության պայմաններում՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ` Ռ. Գզողյանի, Սերժ Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Սամվել Բաբայան, Ա. Կարապետյան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիթչյան) ակտիվ մասնակցությամբ:

1992-ի մարտ-ապրիլ ամիսներին Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, հետախուզական խմբերն իրականացնում են հակառակորդի ուժերի թվաքանակի, դիրքերի ճշգրտում: Ապրիլի 28-ին վերջնականապես որոշվում են հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, զենք-զինամթերքի քանակը։

Արցախում պատրաստ էին սկսել ռազմական գործողությունները: Սակայն Երևանը հապաղում էր տալ իր համաձայնությունը: Կոմանդոսն իր հարցազրույցներից մեկում պատմում է. «Ինձ, ճիշտն ասած, Հայաստանից ասացին, գրեցին` ունեմ այդ գրությունը, որ մենք պատրաստ չենք, պետք է ունենալ երեք անգամ ավելի: Թշնամին 2500 զինվոր ուներ, մենք պիտի ունենայինք 7500-ը, իսկ մենք ունեինք 3500 մարդ: Դա ճշմարտություն էր: Ես համաձայնեցի: Բայց դրա տակ կար նաև մեկ այլ բան: Ես հասկացա, որ չէին ուզում (հեղ.`ՀՀ իշխանությունը) գրավել Շուշին»:

Շուշիի ազատագրման հարցում պատրաստակամ հրամանատարներն ու մարտիկները ևս լավ էին գիտակցում ռազմական գործողության բարդությունը, բայց դրա հետ մեկտեղ լի էին վճռականությամբ`հայկական Շուշին պե՛տք է ազատագրվի, այլևս հապաղել չի կարելի:

Արկադի Տեր-Թադևոսյանն իր հարցազրույցում շարունակում է. «Ես ենթարկվում էի Սերժ Սարգսյանի Պաշտպանության կոմիտեին: Ես հարցրի Սերժ Սարգսյանին` ազատագրո՞ւմ ենք, նա պատասխանեց` ազատագրում ենք»: Եվ Սերժ Սարգսյանը հաստատում է «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած ռազմական օպերացիան:

Շուշիի ազատագրման գործողության պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր, ով տարիներ անց խոսելով Շուշիի ազատագրման գործողության մասին` ասել է. «Բոլորի համար պարզ էր, որ Շուշիում հաջողություն ունենալու պարագայում հաղթանակն ապահովված էր լինելու, որովհետև այն մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մեր կռվող մարտիկներին, մեր բնակչությանը, բայց մյուս կողմից էլ ձախողման պարագայում կանգնելու էինք ոչնչացման վտանգի առաջ: Այդ պատճառով էր, որ տևական քննակումներ ունեցանք Շուշիի օպերացիայի մշակման համար և որոշեցինք այդ օրը»:

Գլխավոր հրամանատարական կետը գտնվում էր Շոշ գյուղի հարևանությամբ։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Հենց այդտեղ էլ Շուշիի ազատագրման պլանն օրհնում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը ու հաղթանակ մաղթում ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի անդամներին:

Եվ այսպես, 1992 թ. մայիսի 8-ի գիշերը ժամը 2.30-ին սկսվում են Շուշիի ազատագրման`«Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը։ Որոշված էին հարձակման 4 ուղղությունները. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան, «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան, Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան, Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յուրա Հովհաննիսյան։

Թշնամուն շփոթեցնելու և հարվածի հիմնական ուղղությունից նրա ուշադրությունը շեղելու նպատակով նախ բոլոր ուղղություններից միաժամանակյա հարձակումներ են կատարվում: Դա խուճապ է առաջացնում քաղաքում մնացած ադրբեջանցի զինվորականների շրջանում ու նպաստում նրան, որ վերջիններս առանց մարտեր մղելու հեռանան քաղաքից: Հայկական կողմը նախապես ոչնչացնում է Շուշիի և Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական հենակետերը ու բերդաքաղաքը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ: Այս գործողություններից հետո միայն հայկական ջոկատները գիշերվա մթության մեջ սկսում են շարժվել դեպի Շուշի: Մերոնք հետաքրքիր բան էին մտածել` գիշերվա խավարում թշնամու զինվորներից տարբերվելու և շփոթ չստեղծելու համար, հայ զինվորների հագուստների վրա` մեջքին, սպիտակ գույնով խաչեր էին նկարվել:

Մայիսի 9-ի առավոտյան ժամը 4-ին արդեն հայկական Շուշին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ձեռքում էր։ Հայոց բերդաքաղաքը ազատագրված էր: Լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Շուշիի ազատագրումից հետո նորից հնչում է Ղազանչեցոց եկեղեցու 70 տարի լռած զանգը…

Պատմում են, որ Շուշիի ազատագրումից հետո Դուշման Վարդանը շտապում է դեպի Շուշիի հայկական գերեզմանատուն, անցնում շիրիմից-շիրիմ, խոնարհվում հին գերեզմանաքարերի առաջ ու ձեռքերը դեպի երկինք պարզած՝ ամբողջ ձայնով գոչում. «Մեր պապեր, Շուշին ազատագրված է` հանգստացե՜ք»:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԹՈՂԵՑԻՆ ՓԱԽԱՆ. ԲԱՍԱԵՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմը, ըստ տարբեր աղբյուրների, ունեցավ 57-58 զոհ, մինչդեռ թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Հայկական կողմի ռազմավարական հմտությունների շնորհիվ թշնամին անկարող եղավ քաղաքում դիմադրություն ցույց տալ, գրեթե մարտեր չեն եղել: Դեռ մայիսի 8-ի կեսօրից ադրբեջանական զինվորները սկսել էր ահաբեկված փախչել քաղաքից: Մայիսի 9-ի առավոտյան այնտեղ որևէ ադրբեջանցի չկար: Շուշիում գերի են ընկել միայն նրանք, ովքեր թաքնվել էին նկուղներում:

2000 թ. հուլիսին ադրբեջանցի լրագրողին տված հարցազրույցում չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևն ասել էր. «Շուշին շրջափակման մեջ ընկավ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում կարգուկանոն և ղեկավարություն չկար: Այնտեղ մնացել էին 4 մոջահեդ և 11 ադրբեջանցի: Գրեթե բոլորը լքել էին քաղաքը, 2800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց ու փախավ: Եթե մեկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետև շատերը թողնում էին նաև ծանր տեխնիկան, գնում էին Բաքու: Շուշին պարզապես լքվեց: Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, և դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազորով և այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր հոգի կարող էին հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որևէ կազմակերպվածություն չկար: Չկար որևէ ղեկավարում, որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէր»։

ՇՈՒՇԻՆ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԷՐ

Շուշիի հաղթանակը իրականացավ մեր ժողովրդի միասնականության շնորհիվ: Շուշիի ազատագրումը հայ ռազմարվեստի մեջ համարվում է եզակի` մշակման և իրականացման առումով անթերի ռազմական գործողություն, ինչը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում:

Արկադի Տեր-Թադևոսյան. «Մենք ազգովին ենք այդ պայքարը մղել, միայն բանակը չէր: Դա մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր: Ապագայում նույնպես մենք ունենք այդ միասնականության կարիքը՝ հետագա հաղթանակների համար»,-

Սերժ Սարգսյան. «Շուշին ազատագրվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով: Շուշիի օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ, և շատ կարևոր է, որ մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները. Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր, Սամվել Կարապետյանը, բոլորը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Հաստատապես ասում եմ` Շուշիի օպերացիան, Շուշիի հաղթանակը կանխորոշեց շատ բան: Ես կարոտում եմ առաջին հերթին այն տղաներին, որոնք զոհվեցին մեր գոյամարտում, շատ եմ կարոտում Ավոյին` Մոնթե Մելքոնյանին, կարոտում եմ Ասկոլկային` Աշոտին, կարոտում եմ փոքր Յուրային, Նորիկին` Մարտակերտի հրամանատարին, կարոտում եմ Դուշման Վարդանին, շատ, շատ, շատերին եմ կարոտում…»:

Ինչպես նկատում են ռազմական վերլուծաբանները, Շուշիի ազատագրումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար.

առաջին, այդ հաղթանակով հայը վերականգնեց իր հայրենի բնօրրանում ապրելու իրավունքը, հաղթանակն ամրապնդեց հայի հաղթական ոգին:

Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը դարձավ իրականություն:

Երրորդ, առաջացավ կամավորական ջոկատների հիման վրա կանոնավոր բանակի ստեղծման անհրաժեշտությունը։ Եվ հենց 1992 թ. մայիսից Արցախում թափ է առնում հայկական երկրորդ հանրապետությունում աշխարհազորային ուժերի միավորման գործընթացը, որով հիմք դրվեց Արցախի Պաշտպանության բանակի կազմավորմանը: Արցախյան ազատամարտում ձևավորված Հայկական բանակը դարձավ տարածաշրջանի կայացած և առավել մարտունակ զինված ուժերից մեկը:

«Մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է»: Հայի հետ և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով: Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. «Բավական է»: Ընկան հերոսներ, որոնք իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը»,- ասել է Հայկական բանակի ակունքներում կանգնած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` Շուշիի ազատագրումից 10 տարի անց: Շնորհիվ մեր հերոսների` մայիսը դարձավ հայոց Եռատոնի ամիս` Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եռամիասնության տոնի ամիս:

ԱՆԵԾՔ ՈՒ ՆԶՈՎՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ

Սակայն… 2018-ին Հայաստանի իշխանությունը զավթածները ապականեցին մեր հաղթանակները, թշնամուն հանձնեցին Շուշին, կենաց-մահու պատերազմում հայրենիքի ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս նահատակների սրբազան գործը որակելով` «հանուն ոչնչի»…

Արդեն 3-րդ տարին է, որ Շուշիի ազատագրման տոնն ենք տոնում` առանց Շուշիի: Շուշիի կարուստով սկսվեց ու շարունակվում են մեր կորուստները, պատերազմն է շարունակվում է…

Առանց Շուշիի տոն չի լինում. մայիսի 8-ը նախկին հրավառությունների փոխարեն, տոնի փոխարեն դարձել է կատարվածը վերստին վերլուծելու, ինքներս մեզ հետ անկեղծ լինելու օր` թե ինչու կորցրինք Շուշին… Արդեն երրորդ տարին է, որ Եռատոնին հաղթական քայլերթեր չկան, հրավառություն չկա, որովհետև Եռատոն առանց Շուշիի չի՜ լինում…

Իսկ գլխումս հիմա միայն մեկ միտք է պտտվում` անեծք ու նզովք Հայկական Շուշին թշնամուն հանձնողներին, անեծք ու նզովք հայոց հաղթանակն ուրացողներին… 

Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՆՔ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

«Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է… Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, առանց ցավ զգալու, առանց ափսոսանքի, առանց մեղավորության նշույլի, լկտիաբար արդարացնում են՝ դե ի՞նչ էր, տվել ենք, տվել ենք, ի՞նչ եք ուզում»:

Շարունակելի…

Արմինե Սիմոնյան