Բաբկեն Թունյանն ընտրվել է ՍԾՏՀ կազմակերպության փոխնախագահ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության փոխնախագահ է ընտրվել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում քիչ առաջ ընտրվեցի Կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։
Դեռ շարունակվող այս նիստի մասին, որը ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը, առաջիկա օրերին ավելի հանգամանալից կխոսեմ»,- գրել է Թունյանը:
Հիշեցնենք` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Թուրքիայում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել մայիսի 3-ին։

