Անժամկետ ակցիա Արցախում՝ անցակետը հանելու պահանջով (տեսանյութ)

Արցախում «Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մասնակիցները վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին և անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել։

«Մենք ակցիան շարունակելու ենք անժամկետ: Մենք ունենք հստակ պահանջ՝ հանել անցակետը»,-նշում են  նախաձեռնող խմբի անդամները։

Շարժման ղեկավարները նաև ստորագրահավաք են նախաձեռնել։

«Արցախպրես»ի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությունը դադարեցնելու պահանջով սկսված  ստորագրահավաքին միանալու հնարավորություն է ընձեռվել նաև Երևանում:
«Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն ասել է. «Քանի որ այս պահին ՀՀ-ում բազմաթիվ տեղահանված արցախցիներ են բնակվում, ովքեր ցանկություն ունեն միանալու ստորագրահավաքին, անհրաժեշտություն առաջացավ առցանց ստորագրահավաքին զուգահեռ բացել նաև համապատասխան  կետ, որտեղ մեր հայրենակիցները կարող են ստորագրել պահանջագիրը»։

Ա. Աբրահամյանը մանրամասնել է, որ  նախաձեռնությունը Երևանում  գործող «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության շենքում մեկնարկել է մայիսի 2-ից։