Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Երևանում

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնությանը Երևանում, որոշում է ընդունվել հայրենիք նրանց վերադառնալու մասին։ Այս մասին նշվել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի և Ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Որոշումն ընդունվել է առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշակակրից խլել էր Ադրբեջանի դրոշն ու այրել այն։

Ադրբեջանում այս միջադեպը համարել են քաղաքականացված։ Ադրբեջանի սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն միջազգային հանրությանը, միջազգային մարզական կազմակերպություններին, Ծանր ատլետիկայի եվրոպական ֆեդերացիային կոչ են արել «դատապարտել» և  «պատժամիջոցներ մտցնել» Հայաստանի դեմ։

«Կարծում ենք՝ կատարված իրադարձությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ի վիճակի չէ միջազգային մարզական մրցություններ անցկացնել և ապահովել մարզիկների անվտանգությունը»,- նշվել է հայտարարությունում։