Ով վախեցած է, նա կիսով չափ պարտված է
Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերն ավելի քան արդիական են այսօր։ Հայ ժողովուրդը կանգնած է իր պատմության գոյության և շարունակականության խնդրի առջև։ 1988-1994 թթ․ Արցախյան գոյամարտը, որում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական հողերն ու վերականգել երկու հայկական պետականությունները, թվում էր, թե մեր վերջին կռիվն էր, քանզի Ադրբեջանի բռնապետ Ալիևը տարիներ շարունակ տարբեր առիթներով սրտնեղում և դժգոհում էր, թե Հայաստանն իրեն ճնշում է թե ռազմադաշտում, թե դիվանագիտական հարթակներում և ակնկալում էր միջազգային հանրության աջակցությունը, սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին հայ ժողովուրդը կանգնեց իր պատմության հերթական մեծագույն և դաժան պատերազմի առջև, որը շարունակվում է մինչ օրս։ Իսկ ինչո՞ւ դաժան, որովհետև մենք ունեցանք անդառնալի կորուստներ՝ թե մարդկային և թե տարածքային և դեռ, ավաղ, ունենում ենք, և ամենակարևորը՝ մենք դեռ ունենք հարցականներ, որոնց պատասխանները չկան։ 2020 թ․ պատերազմը և պարտությունը պատահական չէր, դա պատճառահետևանքային կապն է այն քաղաքականության, դիվանագիտության և հռետորաբանության, որով առաջնորդվում են հայաստանյան այսօրվա իշխանությունները։
2018-ի գարնանը իշխանության եկածների հռետորաբանությունը ավելին քան խոսուն է՝ հատկապես արտաքին քաղաքական դաշտում։ Խոսենք փաստերով՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դրվագ, ինչի հետևանքով մենք ունենք կորսված և շրջափակված Արցախ, թշնամու առաջխաղացում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում և գրեթե ամենօրյա մարդկային կորուստներ։
2019 թ․ ապրիլի 8-ին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ և կարևոր նրբություն անվանեց իր սեփական կետից բանակցելու հանգամանքը․ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա շատ կարևոր նրբություն է» (https://www.youtube.com/watch?v=-CGtUWqCFys )։ Փաստեց, որ ինքը եկել է նոր օրակարգով, նոր նպատակներով և նոր արդյունքներով։ Արդյունքում ունեցանք 2020-ի 44-օրյա պատերազմ, որի առաջին իսկ օրը նույն Նիկոլ Փաշինյանը շտապեց ի լուր հայության և ողջ աշխարհի ԱԺ ամբիոնից նախազգուշացնել՝ «եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի» (2020 թ․ սեպտեմբերի 27 https://www.youtube.com/watch?v=cgKJV2x1_cU )
Եվ չճանաչեց․․․ այնուհետև ասաց՝ «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը», հետագայում վարչապետի տիկինը Աճարկուրտում «հայտարարեց» մեղավորներին․ «Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք» (թե որտեղից Աննա Հակոբյանին այդ տվյալները, վերլուծության այլ թեմա է, քանզի նրա խոսքին նախորդել էր թշնամական պետության բռնապետ Իլհամ Ալիևի կողմից հայկական կողմին նույն թվով դասալիքներ վերագրելու փաստը)։
Իրեն մեղավոր չհամարող Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ձեռնամուխ եղավ նոր օրակարգի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և սկսեց տարբեր հարթակներից պարտվողական և մուրացող ելույթներ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին։ Այնուհետև 2023 թ․ հունվարի 10-ի ասուլիսում խոսեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու իր հայտարարության մասին՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ նշաձողն իջեցնելու գինը, և արդյո՞ք ՀՀ-ն կգնա այդ քայլին․
«Այդ թեմայով ամեն ինչ շատ բաց է, որովհետև նաև կարգավիճակի հետ կապված խնդրի վերաբերյալ երբ եղավ, այդ թվում՝ ՌԴ հրապարակային պարզաբանումները և մենք ասացինք, որ դա մեծ հաշվով ընդունելի է մեզ համար, կարծում եմ՝ պատկերն ամբողջացավ: Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է՝ որպես Ադրբեջանի մաս, և փաստն այն է, որ մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի թղթի վրա գրված տեքստեր են, որոնք մենք կարող ենք նաև չնկատելու տալ: Դա, համենայնդեպս, մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք: Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը, և մենք այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Փաստերի հետ ուղղակի առերեսվենք, այլ բան է, թե մեր հետագա քայլերն այդ փաստերի վրա հիմնվելով՝ ինչպես կկառուցենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ իջեցնում է նշաձողը՝ այլևս մոռանալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու տեղի տալով Ալիևի անհագուրդ ախորժակին և այդ ամենը ներկայացնելով, թե իբր Հայաստանը այլըտրանք չունի, Սակայն ոչ վաղ անցյալում Հայաստանի փայլուն դիվանագիտության արդյունքում Փաշինյանի «խաղաղության» գործընկեր Իլհամ Ալիևը ( 2016 թ․ հոկտեմբերին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) սրտնեղում էր այդ նույն միջազգային հանրության վերաբերմունքից․
«Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին։Նրա խոսքով՝ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։ https://www.youtube.com/watch?v=dF4vT6f2k0g
Ինչպես Ռուսաստանի ազգային հերոս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովն էր ասում, «ով վախեցած է, նա կիսով չափ պարտված է»։ Եվ իսկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից երբեմնի սրտնեղած և վախվորած Ալիևը այսօր հոխորտում է, սպառնում Արցախի և Հայաստանի հայությանը, վերջնագրեր ներկայացնում։
Ինչո՞ւ․․․ որովհետև Սերժ Սարգսյանը (ում 2018-ին այսօրվա իշխանությունը մերժեց ի դեպ նաև Ադրբեջանի գործուն մասնակցությամբ, ինչը հետագայում պետք է խոստովաներ Ադրբեջանի բռնապետը) թե Հայաստանի ներսում և թե հատկապես դրսում խոսում էր առաջնորդին և պետությանը վայել խոսույթով։ Դրա օրինակները բազմաթիվ են։
2018թ․ հունվարին նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակի հարցին, որը փորձում էր միջազգային հարթակն օգտագործելով՝ Հայաստանին ներկայացնել օկուպանտ, նախ իրեն հարիր հանգիստ տոնով հորդորեց վերջինիս հանգստանալ և ուշադիր լինել իր կողմից հնչած խոսքերին, այնուհետև վերջինիս դեմքին հերթական անգամ շպրտեց այն իրականությունը, որն այսօր էլ կա, բայց չկա առաջնորդը։

«Ինչպես երևաց ձեր խոսքերից՝ դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում։ Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունը Ադրբեջանում այնքան է զարգացել, որ ադեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի․ անհնար է, դա երբեք չի լինելու։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է․ դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ․ ես համոզված եմ», – ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Նման շատ օրինակներ կարելի է բերել։ մինչ 2018 թ․ Հայաստանը ուժեղ էր թե դիվանագիտական և թե ռազմական ճակատում, քանզի պրոֆեսիոնալ և ճիշտ քաղաքականության հետ զուգահեռ Հայաստանը նաև ուներ հզոր բանակ, պրոֆեսիոնալ և հայրենասեր կադրեր, խիզախ և խոհեմ առաջնորդ։
Եվ ամփոփման փոխարեն պարզապես մեջբերենք Սերժ Սարգսյանի 2017թ․ մարտի 31-ի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառման ժամանակ․
«Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամները: Ու մենք միակամ ենք այս հարցում։
Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին»:
Ժաննա Ծառուկյան

