Պուտինն ստորագրել է պատգամավորների և սենատորների հայտարարագրերը չհրապարակելու մասին օրենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն՝ պատգամավորների և սենատորների եկամուտների, ծախսերի և գույքի մասին տեղեկությունը ինտերնետում կհրպարակվի ընդհանուր ձևով, առանց անհատական տվյալների։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Մինչ այդ գործող օրենսդրության համաձայն՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, պետական և մունիցիպալ ծառայողները, ՌԴ Կենտրոնական բանկի, պետական կորպորացիաների և այլ կազմակերպությունների աշխատակիցները պարտավոր էին հայտարարագրեր ներկայացնել իրենց եկամուտների, ինչպես նաև իրենց կանանց և անչափահաս երեխաների եկամուտների մասին ամեն տարի՝ մինչև ապրիլի 1-ը, ինչից հետո այդ տվյալները հրապարակվում էին ինտերնետում, այդ մարմինների և կազմակերպությունների կայքերում։
Դեկտեմբերին նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ պաշտոնյաների եկամուտների, ծախսերի և նրանց գույքի մասին այլ տեղեկությունների հայտարարագրերը չեն հրապարակվելու գերատեսչությունների կայքերում և ԶԼՄ-ներում՝ հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Փաստաթուղթը նաև վկայում է, որ զինծառայողները՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցները, և պաշտոնյաները, որոնք գործուղվել են ՌԴ նոր շրջաններ, ազատվում են ոչ միայն եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրերը հրապարակելուց, այլև դրանք ներկայացնելուց։

